Վարչական վարույթ` «Ալեքս գրիգի» դեմ
Կարագի և բուսական յուղի շուկաներում նկատվել են գնային փոփոխություններ:
Այդ արձանագրվել է տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից մանրածախ առևտրի կետերում կատարվող ամենօրյա դիտանցումների արդյունքում:
Հիմք ընդունելով Հանձնաժողովի մոնիտորինգի խմբի վերլուծությունները` այսօր՝ ապրիլի 20-ին կայացած նիստում որոշվել է վարչական վարույթ հարուցել վերոնշյալ 2 շուկաներում գերիշխող «Ալեքս գրիգ» ընկերության նկատմամբ:
Օրենքով սահմանված ժամկետում «Ալեքս գրիգը» Հանձնաժողովին կներկայացնի տեղեկատվություն՝ իր կողմից իրացվող կարագի և բուսական յուղի ձեռքբերման և իրացման գների վերաբերյալ: 5 -օրյա ժամկետում վերոնշյալ ընկերությունը պետք է ներկայացնի նաև հիմնավորումներ՝ թանկացման վերաբերյալ:
ՏՄՊՊՀ նախորդ տարվա ուսումնասիրություններով, իրացման ծավալներով «Ալեքս գրիգը» զբաղեցնում է կարագի շուկայի ավելի քան 1/3-ը՝ 35,4 տոկոս մասնաբաժնով, իսկ արևածաղկի և եգիպտացորենի բուսական յուղի շուկաներում այս ընկերության մասնաբաժինը 37,5 տոկոս է:
Հանձնաժողովը որոշել է տեղեկատվություն պահանջել նաև վերոնշյալ շուկաներում գործող մյուս տնտեսվարողներից, պարզելու, արդյոք կան կառուցվածքային փոփոխություններ, մասնավորապես այլ խոշոր տնտեսվարողներ, թե՝ ոչ:
Տեղեկացնում է Հանձնաժողովի մամլո ծառայությունը: