Բացել լրահոսը Փակել լրահոսը
cuyc-getqi-dproc-1
A A
Մարզեր

«Դպրոց եք փակում, որ սահմանամերձ գյուղերը դատարկե՞ք, պրծնե՞ք»․ Գետքում կրքերը չեն հանդարտվում․ Առավոտ

Այսօր վաղ առավոտից բողոքի էին դուրս եկել Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի Գետք գյուղի բնակիչները՝ փակելով Գետք-Ղարիբջանյան ճանապարհը ու պահանջելով չփակել իրենց դպրոցը, հայտնում է Առավոտը։

Գյուղի բնակիչները տեղեկացել էին, որ մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցները հարևան համայնքների դպրոցների հետ միավորելու որոշում կա։ Գետքի դպրոցը 72 աշակերտ ունի, ըստ բնակիչների, այն միավորելու են հարևան Երազգավորս գյուղի դպրոցի հետ, որին իրենք կտրականապես դեմ են։ «Մեր դպրոցը յուրահատուկ պայմաններ ունի, հիմնանորոգված է, լուսավոր, ապահովված է արևակայանով, որը Լիտվայի դեսպանատունն է ֆինանսավորել։ Շվեդահայ մի բարերար սպորտադահլիճն է վերանորոգել, յուրահատուկ պայմաններ են։ Դպրոցն առանձնապես ֆինանս չի խլում պետությունից, ինչքան առաջադեմ ծրագիր կա, տնօրենը բերում՝ իրագործում է։

Դպրոցի 22-25 ուսուցիչներից 3 -ն ատեստավորված են, դպրոցն ունի ռեսուրս կենտրոն, ներառական կրթություն է իրականացնում, կողքի համայնքներից հաշմանդամություն ունեցող երեխաներին այստեղ են բերում։ Եվ վերջապես՝ աշակերտների թիվն ամեն տարի ավելանում է․ հասել է 72-ի, 2 աշակերտանոց դպրոց չէ, որ դնեք, փակեք։ 72 աշակերտի Երազգավորս տեղափոխելը ինչպե՞ս են կազմակերպելու, ավտոբուսներո՞վ ու քանի՞ ավտոբուսով, օրական ինչքա՞ն բենզին են ծախսելու։ Այսինքն` ամեն ինչ անում են, որ գյուղը դատարկվի՞, մարդն իր երեխաներին վերցնի կամ երկրից գնա կամ քաղաք տեղափոխվի։ Սահմանամերձ գյուղ է սա, կողքից մոլլան մի քիչ բարձր աղոթում է, նամազի ձայնը մեր գյուղ է հասնում, հիմա դուք ուզո՞ւմ եք սահմանամերձ գյուղերը դատարկ տեսնե՞լ։ Դպրոցը փակեցիք, գյուղի ծուխը կմարի», -ասում են բողոքի դուրս եկած բնակիչները՝ վստահեցնելով, որ թույլ չեն տա։ Նրանց հետ հանդիպման էին եկել Ախուրյան խոշորացված համայնքի նոր ղեկավար Զավեն Մանուկյանը, Շիրակի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության աշխատակազմի ներկայացուցիչներ։

 Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում