Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանքերը կբերվեն օրինական դաշտ

Տնտեսություն
f8016cac55e09d370aa9f0da981ab43c

 

Հանրապետությունում կա հանքշահագործող 500 սուբյեկտ, որոնց մեծամասնությունն իրենց հողերի կատեգորիաները չեն փոխել: Այդ հողերը մինչ օրս համարվում են գյուղատնտեսական նշանակության հողեր:

Այդ նպատակով այսօր կառավարության նիստի ժամանակ ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը ներկայացրեց որոշման նախագիծ, որն ուղղված է հանքարդյունաբերության ոլորտում գործող տնտեսվարող սուբյեկտներին թույլատրվող փաստաթղթերի մեջ որոշակի կանոնակարգում մտցնելուն, մասնավորապես` խոսքը վերաբերում է հողօգտագործմանը:

Վաչե Տերտերյանը նշեց, որ լիցենզիաներ ստացած ու հողհատկացումներ ունեցող տնտեսվարող այս սուբյեկտներից շատերը այս կամ այն պատճառով չեն փոխել իրենց շահագործող հողերի կատեգորիաները: Պատճառաբանությունը եղել է այն, որ այդ ամբողջ գործընթացը կապված է բազմաթիվ քաշքշուկների հետ եւ ոչ տրամաբանական, ոչ ժամանակային առումով իրար հետ թղթակցված չեն:

«Թերեւս այդ պատճառով շատ տնտեսվարողներ հայտնվել են մի վիճակում, երբ հանքարդյունահանման թույլատվություններն ու լիցենզիաները կարգին ու օրենքով սահմանված վիճակում են, իսկ հողօգտագործումը գտնվում է իրավական կարգավորումների դաշտից դուրս»,- ընդգծեց ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալը:

ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը Վաչե Տերտերյանին առաջարկեց այս որոշման քննարկմանը մասնակից դարձնել նաեւ իրենց, քանի որ իրենք եւս հարցեր ունեն:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդգծեց, որ սա արմատական որոշում է, որով հնարավորություն է ընձեռնվում տնտեսվարող 500 սուբյեկտներից նրանց, որոնք դեռ իրենց հողերի կատեգորիաները չեն փոխել, արագացված գործընթացով դիմելով Տարածքային կառավարման նախարարություն` կարճ ժամկետում կատեգորիան փոխել: Արդյունքում, վարչապետի համոզմամբ` տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեն երկու ամսվա կտրվածքով կտրուկ կավելանա:

«Այսօր կան շահագործման թույլտվությամբ աշխատող հանքեր, որոնք չեն կարողանում այդ հողի հարցը լուծել, քանի որ գյուղատնտեսական հողի սեփականության հարցը լուծված չէ. պետք է օրինական դաշտ բերենք բոլոր այդ հանքերը»,- հայտարարեց վարչապետը: