Բացել լրահոսը Փակել լրահոսը
1
A A
Մշակույթ

Հայաստանում համերգով հանդես կգան Ազնավուրյան քույրերը

Կամերային երաժշտության ազգային կենտրոնի «Հայահավաք» նախագծի շրջանակում Հայաստանում համերգով հանդես կգան Ազնավուրյան քույրերը (ԱՄՆ)՝ Անի Ազնավուրյանը (թավջութակև Մարթա Ազնավուրյանը (դաշնամուր)։  Համերգը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին, ժամը 19։00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։

Ծրագրում՝ Կոմիտասի Չինար ես, Ծիրանի ծառ, Ալ Այլուղս, Կռունկ, Փիթեր Բոյերի- Արարատ լեռը, Յոհանես Բրամսի Թավջութակի սոնատ #1, մի մինոր, Վաչե Շարաֆյանի Քարացած պար, Ավետ Տերտերյանի Սոնատ թավջութակի և դաշնամուրի համար, Գրեգոր Պիատիգորսկու Վարիացիաներ Պագանինիի թեմաներով ստեղծագործություններն են։

«Իսկական արվեստագետներ, որոնք ցույց են տալիս յուրահատուկ զգայնություն և բացառիկ վիրտուոզիտության բոլոր պահերին» այսպես է քույրերի մասին արտահայտվել Los Angeles Times-ը։ Քույրերն առաջին անգամ համերգով հանդես են եկել, երբ համապատասխանաբար 4 և 8 տարեկան են եղելբարեհաջող ելույթը վերածվեց ակտիվ գործունեության։ Համերգներով հանդես են եկել Ֆրանսիայում, Ֆինլանդիայում, Քարնեգի հոլում, Քեննեդի սենթրում, բազում ծրագրեր են ներկայացրել Չիկագոյում (որտեղ այս պահին բնակվում են), այդ թվում Սպիտակի երկրաշարժի ֆոնդահայթայման նպատակով։ 2022 թվականին թողարկել են դեբյուտային Gems from Armenia սկավառակը։

Հիշեցնենք, որ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի «Հայահավաք» նախագծի ընթացքում Հայաստանում ելույթ են ունենում այնպիսի արտիստներ, ովքեր նախկինում որոշ պատճառներով դեռ ելույթ չեն ունեցել կամ ակտիվ ստեղծագործական գործունեություն չեն ծավալել հայրենիքում։ Գործնականում, հայազգի արտիստներին ներկայացնելով ու իրենց ձայնն ավելի լսելի դարձնելով, ԿԵԱԿ-ը նպատակ ունի նոր թափ հաղորդել Հայաստանում մշակութային կյանքի զարգացմանն ու Հայաստան-Սփյուռք մշակութային կապի ամրապնդմանը:

Նախագծի շրջանակում այս տարի համերգներով Հայաստանում հանդես կգան Մարիամ Խառատյանը (դաշնամուր, Նորվեգիա), Լևոն Չիլինկիրյանը (ջութակ, ՄԲ), Վարվարա Մանուկյանը (կլավեսին, Գերմանիա)։

Նախագծի շրջանակներում Երևանում ավելի վաղ համերգով են ներկայացել սիրիահայ դիրիժոր Միսաք Պաղպուտարյանը, կանադահայ դիրիժոր Նուրհան Արմանը, շվեյցարահայ դիրիժոր Լյուք Բաղդասարյանը, լիբանահայ դիրիժոր Կարո Ավեսյանը, ամերիկահայ դիրիժոր Պետրոս Շեթիլյանը։

Նախագիծն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։