Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_1
A A
Մշակույթ

Ստեղծվել է Ալեքսանդր Թամանյանի «Երևան քաղաքի գլխավոր հատակագծի» շոշափելի կրկնօրինակը

1924 թվականի ապրիլի 3-ին ՀԽՍՀ-ի Ժողովրդական կոմիսարների խորհուրդը հաստատեց Ալեքսանդր Թամանյանի նախագծած Երևան քաղաքի վերակառուցման գլխավոր հատակագիծը։ Սակայն, հատակագծի ստեղծման պատմությունը սկսել էր այլ կառավարության օրոք՝ 1919-ին, երբ, Հայաստանի առաջին հանրապետության վարչապետ Հովհաննես Քաջազունու հրավերով, ճարտարապետ-ակադեմիկ Ալեքսանդր Թամանյանը Սանկտ Պետերբուրգից եկավ իր նախնիների հայրենիք՝ Հայաստան…

«Սարեր» մշակութային կազմակերպության կողմից իրականացվող «Խոսող կտավներ» ներառական նախագծի շրջանակում ստեղծվել է Հատակագծի շոշափելի կրկնօրինակը, որը հոկտեմբերի 4-ին, ժամը 17:00 փոխանցվելու է Երևանի պատմության թանգարանին և տեղադրվելու է բնօրինակի կողքին՝ թանգարանի մշտական ցուցադրությունում։

«Ծրագրի թիրախային խումբը տեսողական խնդիր ունեցող բոլոր մարդիկ են՝ անկախ տարիքից: Մեր նպատակն է հպման, ձայնի, հնչյունի միջոցով հնարավորություն տալ իրենց պատկերացում կազմել արվեստի գործերի մասին, – նշում է «Խոսող կտավներ» նախագծի հեղինակ, «Սարեր» մշակութային կազմակերպության նախագահ Էռնա Ռևազովան․ – Եղիշե Չարենցը Թամանյանի մասին ասել է. «Նա տեսել է արևային մի քաղաք...»։ Ստեղծելով Երևանի գլխավոր հատակագծի շոշափելի պատճենը՝ մենք ցանկանում ենք օգնել տեսողության լուրջ խնդիրներ ունեցող մարդկանց «տեսնել» մայրաքաղաքը ճարտարապետի աչքերով. Այն ճարտարապետի, ում հանճարի առջև խոնարհվում է երախտապարտ Երևանը»։

Հատակագծի շոշափելի կրկնօրինակը թույլ կտա տեսողության խնդիրներ ունեցող այցելուներին «զննել» Թամանյանի գլուխգործոցը։ Ռելիեֆային պատկերը օգտագործվում է շոշափելի տեղեկատվություն փոխանցելու համար: Օրինակ, շոշափելի օրինակի վրա Թամանյանի ծրագրած բոլոր կանաչ տարածքներն ընդգծված են կետավոր ռելիեֆով, քաղաքային բլոկները ներկայացված են որպես առանձին փակ բեկորներ։ Շոշափելի պատկերը կրկնօրինակվում է աուդիո տեղեկատվության հետ․ այն պատմում է Հատակագծի ստեղծման պատմությունը և կօգնի տեսնել, թե ինչպես է պատկերել ճարտարապետը Հայաստանի 12-րդ մայրաքաղաքը։

«Երեխաները վաղ տարիքից են ծանոթանում և շփվում մշակույթի հետ։ Աուդիոգրքերը, աուդիոհանրագիտարանները, ռադիոթատրոնը օգնում են տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց հետ չմնալ այդ խնդիրը չունեցող իրենց հասակակիցներից։ Սակայն վիզուալ արվեստն այնուամենայնիվ անհասանելի էր նրանց։ Այժմ այդ բացն աստիճանաբար լրացվում է «Խոսող կտավներ» ներառական նախագծի շնորհիվ», – ընդգծում է նախագծի հնչյունային ռեժիսոր Վահան Նահապետյանը, ով հանդես է գալիս նաև՝ որպես «Խոսող կտավներ» ներառական նախագծի գլխավոր փորձագետ, քանի որ ինքն էլ պատկանում է նախագծի թիրախային խմբին:

«Խոսող կտավներ» ներառական նախագիծն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: