Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ

Մեծ համակրանք ունեմ ձեր երկրի հանդեպ և երջանիկ եմ, որ Հայաստանում եմ․ Ռամոն Վարգաս (տեսանյութ)

Հոկտեմբերի 25-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ելույթ կունենա աշխարհահռչակ օպերային երգիչ, տենոր Ռամոն Վարգասը՝ դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։

1992 թվականին, Լուչանո Պավարոտիին Մետրոպոլիտեն օպերայում փոխարինելուց հետո Վարգասը դարձավ աշխարհի լավագույն օպերային թատրոնների ամենապահանջված տենորներից մեկը։

«Ես, մեծ համակրանք ունեմ ձեր երկրի հանդեպ, հայ գործընկերներ ունեմ և երջանիկ եմ, որ Հայաստանում պետք է ելույթ ունենամ։

Ծրագրում կներկայացնեմ արիաներ և նախերգանքներ իմ կարիերայի ընթացքում կատարված երգացանկից՝ Մոցարտ, Դոնիցետտի, Ռոսսինի, Վերդի, Բիզե, Չայկովսկի»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց Վարգասը։

Աշխարհահռչակ երգիչը հատուկ նշեց, որ ֆիլհարմոնիկը բացառիկ նվագախումբ է, իսկ Էդուարդ Թոփչյանը՝ մեծագույն դիրիժոր, և թերևս նաև սա է պատճառը, որ իր հյուրախաղերի խիտ գրաֆիկում հնարավորություն գտավ գալ Հայաստան։

Թե ինչու տենորներն ավելի մեծ պահանջարկ ունեն, քան բարիտոնները հարցին պատասխանեց, որ տենորն ավելի զգացական և հուզական ձայն է, և միգուցե հենց դա էլ գրավում է ունկնդրին։

Հանդիպման ավարտին աշխարհահռչակ տենորը հույս հայտնեց, որ սիրով նորից կայցելի Հայաստան և հնարավորություն կունենա ավելի լավ ծանոթանալ հայ մշակույթի հետ։