Գագիկ Ջհանգիրյանը ինձ կանչեց իր աշխատասենյակ, ասաց՝ ինձ ճնշում են․ Անահիտ Բախշյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ես կորցրել եմ իմ հույսը, որ Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի։ Երբ գործը բացվեց, ես ասացի՝ քաղաքական կամք կա՝ բացահայտելու Հոկտեմբերի 27-ը։ Այսօր ես շատ մեծ կասկածի տակ եմ դնում իմ իսկ ասածը, որովհետեւ չեմ տեսնում գործնական քայլեր, որ ուզում են բացահայտել»,- այսօր ԱԺ այգում Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին նվիրված հարգանքի տուրքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Անահիտ Բախշյանը՝ հոկտեմբերի 27-ի զոհերից ԱԺ նախկին փոխնախագահ Յուրի Բախշյանի կինը։
Նա նշեց, որ 17 հատորով նյութերը իր փաստաբանը վերծանել ու հանձնել է նախկին Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։ «Ես ուզում եմ իմանալ՝ այնտեղ եղած փաստերն արդյոք ԱԱԾ-ն ուսումնասիրե՞լ է։ Արդյոք նորից անդրադարձել է դրանց։ Մի քանի օր առաջ, երբ ես ԱԱԾ-ում էի, նորից տվել եմ այդ բողոքը։ Հարցնում եմ, ասում են ընդհանուր բաներ։ Ես՝ որպես տուժող կողմ, որեւէ գործ չեմ տեսել»,- ասաց նա։
Հարցին, թե ռուսական հետք տեսնո՞ւմ է Հոկտեմբերի 27-ի գործում, Անահիտ Բախշյանը պատասխանեց․ «Այստեղ կա ռուսական, թուրքական, նույնիսկ ամերիկյան հետք։ Ես չեմ բացառում՝ ԱՄՆ-ն էլ ուներ այստեղ շահագրգռվածություն, ռուսներն ու թուրքերը՝ առավել եւս»։