Դուք ի՞նչ գործ ունեք մեր ընտրողների հետ․ Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր ԱԺ նիստի ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը երեկ հանձնաժողովի նիստում ընդդիմության կողմից նախաձեռնված «Հայաքվե» նախագիծը ԱԺ նիստի օրակարգ չմտնելու կապակցությամբ և ասաց. «Որպես ԱԺ նախագահ՝ չե՞ք գտնում, որ ձեր կուսակիցների այս պահվածքը ուղղակի հայկական պառլամենտարիզմը ոչնչացնելուն միտված քայլ է»:
Ի պատասխան ԱԺ նախագահն ասաց. «Որպես ԱԺ նախագահ գտնում եմ, որ պառլամենտարիզմը ոչնչացնում է նիստերին չգալը, ընդդիմությանը Դոնթի բանաձևով տրամադրված հանձնաժողովների ղեկավար մարմինները չձևավորելը, խորհրդի նիստերին չմասնակցելը և նմանատիպ այլ գործունեություն»:
Նա հավելեց, որ ընդդիմությունը օրենքով ընձեռված շատ հնարավորություններից հրաժարվում է և հետո զարմանում, թե ինչու հարցը չի մտել օրակարգ, կամ հանձնաժողովներում ունենալիք քննարկումները փորձում է նախաձեռնել ԱԺ նիստում:
Ալեն Սիմոնյանի խոսքով՝ կան օրինակներ, երբ ընդդիմության նախաձեռնությունները օրենք են դարձել, երկրորդ՝ աշխատանքը չի կարող սելեկտիվ լինել. «Եվ երրորդ՝ մենք և հանրությունը սպասում ենք, թե որն է այն օրակարգը, որով դուք այնուամենայնիվ մի պահ վերադարձաք ԱԺ, հետո հեռացաք, հետո նորից վերադարձաք: Կարծում եմ՝ այդ հարցերի պատասխանները դուք ձեր մեջ պետք է քննարկեք և հետո ձեր ընտրողներին ներկայացնեք: Իսկ մեզ ընտրողները, կարծում եմ, իրենց ընտրած պատգամավորների աշխատանքից գոհ են»: