Բացել լրահոսը Փակել լրահոսը
410097889_736403641873030_8426151983233808750_n
A A
Մշակույթ

Հանրային դասախոսություն «Վալերի Բրյուսովը և «Հայաստանի պոեզիան»» թեմայով

Ռուս նշանավոր բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ, հայ ժողովրդի բարեկամ Վալերի Բրյուսովի ծննդյան 150-ամյակի առթիվ Հայաստանի ազգային գրադարանում անցկացվեց հանրային դասախոսություն «Վալերի Բրյուսովը և «Հայաստանի պոեզիան»» թեմայով։ Տարվա վերջին բանախոսությունը վարեց Ազգային գրադարանի տնօրեն, բրյուսովագետ, Բրյուսովի թանգարանի հիմնադիր Աննա Չուլյանը։

Բանախոսը ներկայացրեց Վալերի Բրյուսովի կյանքը և գործունեությունը, մասնավորապես, անդրադարձավ Բրյուսովի՝ 1916 թվականին Մոսկվայում հրատարակված «Հայաստանի պոեզիան» (Поэзия Армении с древнейших времен до наших дней) ժողովածուի կազմման պատմությանը։

Աննա Չուլյանն ընդգծեց, որ «Հայաստանի պոեզիան» լույս աշխարհ եկավ հայ ժողովրդի համար օրհասական ժամանակամիջոցում։ Բրյուսովը, համախմբելով ռուս առաջավոր մտավորականության մի խումբ ներկայացուցիչների, նրանց հետ միասին թարգմանեց և կազմեց մինչև օրս չգերազանցված մի ժողովածու։

Բանախոսը շեշտեց, որ հայ պոեզիայի գոհարները՝ սկսած վաղ միջնադարից, մինչև 20-րդ դարասկզբի հեղինակների երկեր, առաջին անգամ ներկայացվեցին ռուսերեն։

Բրյուսովն առաջինն էր, որ, անդրադառնալով Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությանը, հրապարակեց մեկ ու կես միլիոն զոհերի թիվը։ Բրյուսովն էր, որ առաջին անգամ տարանջատեց արևելահայ և պոլսահայ գրողներին։ Ուշագրավ դասախոսության ընթացքում մասնակիցների համար շատ բացահայտումներ եղան։

1962 թվականին Երևանի ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստիտուտին Վալերի Բրյուսովի անունը շնորհելու առթիվ հղած իր ուղերձում։ Բրյուսովի այրին՝ Իոաննա Բրյուսովան, ողջունելով այդ փաստը, ընդգծել է. «Վ. Բրյուսովը բացահայտել է հայ պոեզիայի գոհարները. հայ ժողովրդի պատմության և գրականության ուսումնասիրությունն իր համար «հոգևոր բարձրարժեք բերկրանքի անսպառ աղբյուր էր…: Ցավում եմ, որ այս հիշարժան օրերին չեմ կարող անձամբ լինել Երևանում»։ 

«Այո, կանգնած եք սահմանագծում

Դուք խորթ ու ներհակ զույգ աշխարհների,

Եվ հայրենական ասք ու զրույցում

Ձեզ լսելի է շունչը դարերի»։

Այսպես է սկսել «Հայերին» բանաստեղծությունը հայ գրականության գիտակ ու երկրպագու, հայ  քնարերգության անզուգական թարգմանիչ Վալերի Բրյուսովը։ Բանաստեղծը հենց այս հայացքով էլ դիտարկում էր Արևելքի ու Արևմուտքի սահմանագիծ Հայաստան երկրի լեզուն, մշակույթն ու պատմությունը։

 

Հայաստանի ազգային գրադարանի
Հանրային կապերի բաժին