Աշխատաժողով ԶՊՄԿ կայուն զարգացման հաշվետվության և TCFD ուղեցույցով առաջին հետազոտության մասին․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԶՊՄԿ-ն հրապարակեց կայուն զարգացման հերթական հաշվետվությունը, որում ներառված են շահագրգիռ կողմերին հետաքրքրող բոլոր ցուցանիշները
Երևան, 19 դեկտեմբերի․ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներկայացրեց իր կայուն զարգացման հերթական հաշվետվությունը և TCFD (Կլիմայի հետ կապված ֆինանսական բացահայտումների աշխատանքային խմբի) ուղեցույցով պատրաստված առաջին հետազոտությունը։ Երկու հաշվետվությունները ամփոփում են նախորդ՝ 2022 թվականը, բայց նաև պարունակում են 2023-ի, ինչպես նաև առաջիկա տարիների թիրախների և անելիքների մասին տեղեկատվություն։
Այս առիթով կազմակերպված աշխատաժողովին մասնակցում էին հանքարդյունաբերական ոլորտի մասնագետներ, հասարակական կազմակերպությունների, պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ, հյուրեր դեսպանատներից և միջազգային կառույցներից։
ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին ողջույնի խոսքում նշեց․ «Մենք վստահ ենք, որ բոլոր շահագրգիռ կողմերի համար փոխշահավետ զարգացման և Հայաստանի տնտեսական առաջընթացում առավելագույն ներդրում ունենալու ճանապարհը մեր գործունեության բոլոր ոլորտներում պատասխանատու մոտեցման ներդրումն է: Այս տարի ես հատկապես հպարտ եմ, որ մենք հրապարակում ենք ոչ միայն կայուն զարգացման հաշվետվությունը, այլև իրականացնում ենք ոլորտի առաջին ուսումնասիրությունը՝ Հայաստանում TCDF -ի ուղեցույցի հիման վրա։ Այս զեկույցը ներառում է ոչ միայն մեր ձեռբերումները այլև բացթողումները, և սա իրական հաշվետվողականության ապացույցն է։ Կայուն զարգացումը վերջնակետ չէ, այլ բարդ աշխատանք և մշտական ճանապարհ, որը մենք անցնում ենք ամեն օր»:
ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն անդրադարձավ Կայուն զարգացման զեկույցի հրապարակման կարևորությանը, նշելով, որ դա պատասխանատու գործելաոճ է․ «Ուրախալի է, որ այս աշխատաոճի առաջամարտիկներից ԶՊՄԿ-ն է, որը որպես խոշորագույն հանքարդյունաբերական ընկերություն՝ իր գործունեությամբ, դառնում է չափանիշ և նոր նշաձող է սահմանում ամբողջ հանքարդյունաբերական ոլորտի համար։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հովհաննես Հարությունյանն իր ողջույնի խոսքում նշեց, որ Կառավարությունը հետևողական է լինելու լավագույն չափանիշների ներդրման հարցում և ուրախալի է տեսնել, որ ընկերությունը սեփական նախաձեռնությամբ է ներդնում այդ գործելաոճը։
Միջոցառման ընթացքում անցկացվեցին երկու պանելային քննարկումներ, որոնց մասնակցեցին ԶՊՄԿ և ոլորտի այլ ներկայացուցիչներ, խորհրդատվական կազմակերպությունների ներկայացուցիներ, փորձագետներ։
Ելույթ ունեցավ նաև գիտաժողովի հատուկ հյուր, հակամարտությունների կարգավորման, սոցիալական կառավարման և կայուն զարգացման միջազգային փորձագետ դոկտոր Ջոն Հարկերը։
Միջոցառման ավարտին Տնտեսական լրագրողների ակումբը և Հանքագործների և մետալուրգներ միությունը ամփոփեցին հանքարդյունաբերության ոլորտի տարվա լավագույն հրապարակումների մրցույթի արդյունքները՝ պարգևատրելով լավագույն հրապարակումների և տեսանյութերի հեղինակներին։