Վարչապետն ընդունել է Հայաստանում Հունաստանի նորանշանակ դեսպանին
Աջակցիր «Ա1+»-ինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանապուլսին, ով նոր է ստանձնել դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Վարչապետը շնորհավորել է դեսպանին և մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի նպաստ Հայաստան-Հունաստան բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման ու ամրապնդման: Նիկոլ Փաշինյանը կարևորել է փոխգործակցության շարունակական զարգացումը բոլոր ոլորտներում, այդ թվում՝ առևտրատնտեսական կապերի ընդլայնման, համատեղ նոր ծրագրերի իրականացման առումով: Նշելով, որ Հունաստանի հետ Հայաստանն ունի հագեցած օրակարգ՝ դրա իրացման համատեքստում վարչապետը կարևորել է կառավարությունների միջև ակտիվ և ինտենսիվ համագործակցությունը:
Զրուցակիցները քննարկել են առաջիկայում բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպմանը, Հայաստան-Հունաստան բազմաոլորտ համագործակցության օրակարգին, Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը, մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին, Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների շուրջ: