Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ռուսական «С-400» համալիրները կարող են փոխանցվել Բաքվին, եթե Անկարան ընդունի «F-35» կործանիչների վերաբերյալ ԱՄՆ առաջարկը. փորձագիտական կարծիք (տեսանյութ)

Ամերիկայի Ձայն

ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների բարելավման ֆոնին՝ ԱՄՆ թույլատրել է Անկարային գնել ամերիկյան «F-35» կործանիչները, եթե թուրքական կողմը ձերբազատվի Ռուսաստանից գնած հակաօդային պաշտպանության «С-400» համալիրներից։ Այդ զինտեխնիկան այսօր էլ կարևոր գործոն է ռուս-թուրքական հարաբերությունների խորացման համար

Ամերիկա-թուրքական բանակցությունների օրակարգում վերստին տեղ է զբաղեցրել Անկարայի կողմից ամերիկյան՝ ժամանակակից «F-35» կործանիչների գնման հարցը։ Ժամանակին՝ Միացյալ Նահագաները դուրս թողեց Թուրքիային «F-35»-ի ստեղծման ծրագրից՝ Անկարայի կողմից ռուսական «С-400» համալիրների գնման պատճառով՝ պնդելով, թե թուրքական կողմի նման քայլը վտանգում է «F-35»-ի տեխնոլոգիաները գաղտնի պահելը:

Սակայն անցած ամիս Ստամբուլ կատարած այցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Վիկտորիա Նուլանդն առաջարկեց վերսկսել բանակցությունները «F-35» կործանիչների գնման վերաբերյալ, եթե ռուսական համալիրները կտեղափոխվեն երրորդ երկիր:

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը չի բացառել նման տարբերակը։

«Հակաօդային պաշտպանության համալիրների գնումից հետո, որն աննախադեպ էր, նույնիսկ Էրդողանի [գլխավորած] կառավարության որոշ անդամներ, կարծում եմ, ընդունեցին, որ այն մեծ սխալ էր: Թուրքիայի կողմից «С-400»-ների գնումը ծախսատար էր»,- ասում է Քադիր Հաս համալսարանի փորձագետ Օնուր Իշչին:

Դիտորդների կարծիքով, Թուրքիայի կողմից «С-400»-ների գնումը Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացման և Վաշինգտոնի հետ փոխգործակցության վատթարացման խորհրդանիշ է։ Գործարքը կնքվեց այն ժամանակ, երբ Անկարան Վաշինգտոնին մեղադրում էր 2016 թվականին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման անհաջող փորձին ներգրավված լինելու մեջ։ ԱՄՆ-ն հերքում է իր առնչությունը:

Թուրքիայի հարաբերությունները ԱՄՆ հետ սկսեցին կարգավորվել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը Անկարայի համաձայնությունից հետո: Փոխարենը, Վաշինգտոնը թույլատրեց «F-16» կործանիչների վաճառքը Թուրքիային: Սակայն «F-16»-ը զիջում է «F-35»-ին, իսկ Անկարայի հարևան Հունաստանը պատրաստվում է իր օդուժը համալրել հենց «F-35»-ներով։

«Երբ հետևում ես Թուրքիայի կողմից կոշտ [արտաքին] քաղաքականություն վարելու կողմնակիցների կարծիքներին, ակնհայտ է դառնում, որ նրանք վախենում են, թե Էգեյան ծովի վրա օդային ուժերի հավասարակշռությունը կփոխվի, կամ արդեն իսկ փոխվում է հօգուտ Հունաստանի»,- նշում է Քադիր Հաս համալսարանի վերլուծաբան Սոլի Օզելը:

Դիտորդների կարծիքով, Անկարայի կողմից «F-35» ինքնաթիռների վերաբերյալ Վաշինգտոնի առաջարկի ընդունումը, որի դիմաց Թուրքիան, հնարավոր է, ռուսական արտադրության համալիրները փոխանցի Ադրբեջանին, Կատարին, Լիբիային կամ այլ երկրի, կախված է Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների բարելավման ընթացից:

«Թուրքիան հեշտությամբ կարող է հրաժարվել «С-400»-ներից, քանի որ դրանց գնումը քաղաքական որոշում էր, ոչ թե՝ ռազմական անհրաժեշտություն։ Մինչ այժմ «С-400»-ները օգնել են Թուրքիային ամրապնդել բանակցային դիրքերը ՆԱՏՕ-ի ու Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ»,- կարծիք է հայտնում է Արտաքին քաղաքականության ինստիտուտի վերլուծաբան Հուսեյն Բաղջը:

Անկարայի կողմից ռուսական նշված համալիրների գնումը ընկալվեց որպես Կրեմլի դիվանագիտական հաղթանակ, որը կարող էր հեռացնել Թուրքիան ՆԱՏՕ-ից: Թուրքիայի կողմից ռուսական այդ սպառազինությունից հրաժարվելը, ըստ դիտորդների, նույնքան կարևոր հաղթանակ կլինի Վաշինգտոնի համար: