Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Մարտի 8-ի առիթով
Աջակցիր «Ա1+»-ինՎարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Մարտի 8-ի առիթով
Սիրելի կանայք,
Շնորհավորում եմ բոլորիդ և յուրաքանչյուրիդ Մարտի 8-ի՝ կանանց տոնի առիթով: Խոսելով կանանց մասին՝ մենք խոսում ենք Հայաստանի Հանրապետության բնակչության մեծամասնության մասին, որովհետև Հայաստանի Հանրապետության բնակչության 53 տոկոսը կանայք են:
Ու ինձ համար, որպես երկրի վարչապետ, այս օրը նախևառաջ մեր երկրի զարգացման գործում կանանց պոտենցիալի լիարժեք ներգրավման մասին ևս մեկ անգամ խորհելու առիթ է: Ի սկզբանե էլ Մարտի 8-ը հիմնադրվել է կանանց աշխատանքային, քաղաքական, կրթական և այլ իրավունքների պաշտպանության համատեքստում, ու նաև սա է այդ ընկալման պատճառը:
Մեր կառավարության համար առաջնահերթություն է պետական կառավարման, իրավապահ, անվտանգային, տնտեսական, քաղաքական, գիտական և այլ ասպարեզներում կանանց առավելագույն ներգրավման համար հնարավորություններ ստեղծելը, որովհետև ակնհայտ է, որ առանց այդ պոտենցիալի լիարժեք կիրառման, մեր երկրի զարգացման հնարավորություններն էականորեն կկրճատվեն:
Այսօր ուրախությամբ և հպարտությամբ ենք արձանագրում, որ Հայաստանի բազմաթիվ կանայք ներգրավված են տնտեսական գործունեության մեջ և ամենօրյա ստեղծարար աշխատանքով արժեք են ստեղծում, հարկեր վճարում: Այսօր բազմաթիվ կանայք ներգրավված են իրավապահ համակարգում, ծառայում են ոստիկանությունում և
բանակում, ու մենք ուզում ենք, որ նրանց թիվը մեծանա, որովհետև դա բխում է մեր երկրի շահերից:
Այսօր բազմաթիվ կանայք պետական բարձր պաշտոններ են զբաղեցնում: Ու կարևոր է նաև ընդգծել, որ այդ պաշտոններում նրանց հայտնվելու պատճառը կին լինելը չէ, այլ լավ մասնագետ, կառավարիչ, կազմակերպիչ, գործիչ լինելը:
Մեր երկրում կանայք պետք է հասանելիություն ունենան բարձրորակ կրթությանը, և նաև այս խնդիրը լուծելու համար ենք որդեգրել 300 դպրոցի և Ակադեմիական քաղաքի ծրագիրը:
Բայց այս ամենով հանդերձ մեր երկրի ժողովրդագրական խնդիրները կխորանան, եթե կանայք ավելի ու ավելի շատ երեխաներ ունենալու հակված չլինեն: Նաև սա է պատճառը, որ որդեգրել ենք 500 մանկապարտեզի ծրագիրը, որը միայն առաջին 500-ն է և բազմաթիվ կանանց հնարավորություն կտա խուսափել «աշխատե՞լ, թե՞ երեխա ունենալ» ընտրությունից: Նաև այս խնդրի լուծման համար ենք ներդրել հայրական արձակուրդի ինստիտուտը, որ տղամարդիկ երեխաների խնամքի պատասխանատվությունն ավելի շատ կիսեն կանանց հետ: Նաև այս խնդրի լուծման համար ենք վերարտադրության ոլորտում մի շարք ծրագրեր ստեղծել, և այս քաղաքականությունները կշարունակվեն ու կխորանան:
Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ,
Այսօր մենք հարգանքի առանձնակի տուրք ենք մատուցում հայրենիքի համար իրենց կյանքը տված կանանց՝ մեր քույրերին, հայրենիքի համար իրենց կյանքը տված մեր զինվորների մայրերին, կանանց, դուստրերին ու քույրերին: Պետությունը, միայն ինքնիշխան, զարգացած, ուժեղ և բարեկեցիկ պետությունը կդառնա ամոքումը կորստյան վշտի, և մենք գնում ենք այդ ճանապարհով:
Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:
Կանանց տոնը շնորհավոր: