Բացել լրահոսը Փակել լրահոսը
7a0a43b6-28e6-49fd-a089-efe43f930a5e
A A
Հասարակություն

Այստեղից՝ միայն Արցախ. զոհված ազատամարտիկի որդի

Հետևում թողնելով մի ամբողջ կյանք ու պատմություն՝ Արցախից բռնի տեղահանված բազմաթիվ ընտանիքներ փորձում են նոր իրականության մեջ վերագտնել իրենց, զբաղվել այն նույն աշխատանքով, որով զբաղվում էին Արցախում։

Վիտալի Գրիգորյանի հայրը՝ Ալբերտ Գրիգորյանն արցախյան առաջին ազատամարտում զոհվել է՝ երեք որդիների խնամքը թողնելով կնոջ՝ Սուրբիկի ուսերին։ Նրա բոլոր երեք որդիները հերթով իրենց պարտքը կատարեցին հայրենիքի նկատմամբ, իսկ Վիտալին պարտադիր զինվորական ծառայությունն ավարտելուց հետո շարունակեց ծառայել զինված ուժերում.

«11 տարի հպարտությամբ եմ կրել զինվորական համազգեստը։ Հետո որոշեցինք գործարարությամբ զբաղվել, քանի որ երեխաները մեծանում էին, հոգսերը՝ շատանում։ Սակայն ամեն րոպե պատրաստ էի կանգնելու հայրենիքի պաշտպանների շարքերում։ Այսօրը ամեն ինչ անցյալում է։ Այստեղ՝ Աբովյան քաղաքում փորձում ենք կրկին ոտքի կանգնել և զբաղվել սառը սուրճի և զովացուցիչ ըմպելիքի արտադրությամբ, ինչով ընտանիքով զբաղվում էինք Ասկերանում և բավականին հմտացել էինք այդ գործի մեջ։ Արդեն գրանցվել եմ որպես անհատ ձեռնարկատեր և սպասում ենք սերտիֆիկատի ստացմանը»,- «Ա1+» -ի հետ զրույցում ասում է Վիտալին։

Վիտալին կնոջ՝ Լիանայի հետ իրենց ձեռքերով են աշխատանքների հիմնական մասը կատարել։ Նրանց երեխաներն էլ օգնում են ծնողներին։ Վարձակալած տարածքը բերվել է անհրաժեշտ տեսքի, արդեն տեղադրված են համապատասխան սարքավորումները։

«Հաճախ ենք դժվարությունների հանդիպել, սակայն չենք կոտրվել, որովհետև նպատակ ունենք։ Չպետք է սպասենք, թե կառավարությունն ինչ օգնություն կտրամադրի մեզ, պետք է մի բան էլ մենք ձեռնարկենք, նախաձեռնենք։ Մյուս կողմից էլ ուսանողուհի ունենք՝ Հերացու անվան բժշկական համալսանանում է աղջիկս սովորում և ուսման վարձի խնդիր նաև պիտի լուծենք»,- ասում է Վիտալին։

Ասկերանում ձեռներեցությամբ զբաղվելու փորձն օգտագործում են՝ կրկին ոտքի կանգնելու համար։ «Հուսով ենք ամեն ինչ լավ կլինի… Կվերականգնվենք և առաջվա պես մեր ունեցածից կկարողանանք նաև ուրիշներին բաժին հանել, ձեռք հասցնել»,- համոզմունք է հայտնում Վիտալին, որն Ասկերանում նաև բարեգործությամբ էր զբաղվում։ Վիտալին ընկերների հետ նաև հացի արտադրությամբ է զբաղվում։

«Մեր հայրենիքը շեն տեսնելու համար պետք է կարողանանք պատվով հաղթահարել բոլոր դժվարությունները, այլ երկիր մեկնելու մտադրություն երբեք չեմ ունեցել։ Այստեղից՝ միայն Արցախ… ։ Իմ ցանկությունն ու նպատակն է՝ այնպես ապրենք, որ արժանի լինենք մեր հերոսների զոհողություններին»,- ասում է նա։

Անահիտ Պետրոսյան