Սերենադ խատուտիկի հետ. Կոմիտասից՝ Մանսուրյան
Աջակցիր «Ա1+»-ինԱմերիկյան Համալսարանում կայացավ «Սերենադ խատուտիկի հետ» խորագրով հայ կամերային գործիքային երաժշտության դասական ու ժամանակակից ստեղծագործություններով չորս ձայնասկավառակից բաղկացած ալբոմի Երևանյան շնորհանդես-հանդիպումը։
Լոս Անջելեսի UCLA-ի համալսարանի Հայկական երաժշտական ծրագրի թողարկած ձայնասկավառակների ժողովածուն ներառում է Կոմիտասի, Ռոմանոս Մելիքյանի, Ալան Հովհաննեսի, Գոհարիկ Ղազարոսյանի, Գուրգեն Ալեմշահի, Քրիստափոր Նաջարյանի, Տիգրան Մանսուրյանի, Վաչե Շարաֆյանի, Արթուր Ավանեսովի, Արթուր Աքշելյանի, Մարտին Ուլիխանյանի, Արեգնազ Մարտիրոսյանի կամերային գործիքային ստեղծագործությունները և 55 ստեղծագործություններից 21-ը համաշխարհային պրեմիերային ձայնագրություններ են։ Չորս ժամ տևողությամբ ալբոմի ձայնագրության ընթացքը տևել է երկու տարի։
«Ա1+»-ը զրուցել է UCLA Herb Alpert-ի պրոֆեսոր, UCLA հայկական երաժշտական ծրագրի հիմնադիր-խորհրդատու, «Սերենադ խատուտիկի հետ» նախագծի ղեկավար, ջութակահար Մովսես Պողոսյանի և UCLA հայկական երաժշտական ծրագրի ղեկավար, էթնոերաժշտագետ Մելիսա Բիլալի հետ։
«Լոս-Անջելեսի UCLA Herb Alpert երաժշտական համալսարանը Հայաստանից դուրս, աշխարհում միակ համալսարանն է, որ ունի հայկական երաժշտության ամբիոն, որտեղ բացի հայերից, այլազգիները ևս ուսումնասիրում են հայկական երաժշտարվեստը- ասում է UCLA հայկական երաժշտական ծրագրի հիմնադիր-ղեկավար Մովսես Պողոսյանը, ով արդեն քսան տարի դասավանդում է համալսարանում և ավելի, քան տաս տարի UCLA-ում իրականացնում է հայկական երաժշտության տարածմանը ուղղված ծրագիր։ - Այժմ Մելիսայի հետ միասին ենք ղեկավարում։ Արդեն բացել ենք հայկական ժողովրդական գործիքների անսամբլ, նաև պարարվեստի ու երաժշտության պատմության դասընթացներ։ Ասեմ, որ այս ծրագիրը երազանք էր, որը դարձավ իրականություն։ Ակադեմիական մակարդակի դուդուկի ու շվիի դասարան ունենք, որտեղ ոչ միայն հայ ուսանողներ են սովորում։ Այս գործիքները շատ պոպուլյար են ուսանողության շրջանում, ինչպես և հայկական պարը։ Համալսարանը էթնոերաժշտության ամբիոն ունի, որտեղ տասնհինգ երկրների խմբեր կան՝ Բալկանյան երկրների, թուրքական, մեքսիկական․․․ հիմա մենք էլ ունենք այդ հարթակը և հիմա համալսարանի բակում երբ պարում է մեր խումբը այլազգի ուսանողները հետաքրքրությամբ նայում են և շատ անգամ ընտրություն են կատարում ուսումնասիրելու հայ երաժշտությունն ու պարարվեստը»։
Պարոն Պողոսյանն ընդգծում է, որ ալբոմի մեջ ներառված հեղինակների ընտրության հարցում դժվար է գերագնահատել դաշնակահար, կոմպոզիտոր, Ամերիկյան համալսարանի պրոֆեսոր Արթուր Ավանեսովի դերը։
«Քսանից ավել տարիներ նա իմ մտերիմ ընկերն է։ Իր մեծ ներդրումն ունի ալբոմի գործընթացի իրականացման մեջ, թե որպես երաժիշտ, թե որպես խորհրդատու, թե որպես գործակալ»։
Հարցին, թե կա՞ ալբոմում արդյոք մի գործ, որը կցանկանար առանձնացնել, պարոն Պողոսյանը պատասխանեց, որ չի կարող, քանի որ բոլորն էլ իրենց «երեխաներն» են։
«Ճիշտ է, տարբեր ծնողներ ունեն, տարբեր պատմություններ ու ԴՆԹ, սակայն նրանց բոլորի չափորոշիչը որակն է, թե ստեղծագործության, թե կատարողի և թե ձայնագրության։ Ի դեպ, ձայնագրությունները, բացի մեկից, իրականացրել ենք հենց մեր համալսարանի ստուդիայում,– ժպտալով ասում է պարոն Պողոսյանն ու հավելում․ – Նշեմ նաև, որ ալբոմում ներառված են ժամանակակից հայ կոմպոզիտորների գործերի պրեմիերաներ, սակայն կան նաև անցյալ դարի 50-60-ականներին գրված գործեր, որոնք չեն կատարվել, առավել ևս չեն ձայնագրվել։ Այս գործերից հատկապես կնշեմ 20-րդ դարի կեսերին Ֆրանսիայում բնակվող պոլսահայ դաշնակահարուհի, կոմպոզիտոր Գոհարիկ Ղազարոսյանին, ում Հայաստանում քչերը գիտեն, մինչդեռ նրա կատարման արվեստով ժամանակին հիացել է Եվրոպայի և Ամերիկայի հանդիսատեսը»։
Մելիսա Բիլալի խոսքով՝ չնայած ինքը ծնվել է Պոլսում, Գոհարիկ Ղազարոսյանի կատարողական և հեղինակային արվեստի մասին տեղեկացել է, երբ գրում էր իր գիտական թեզը հայկական օրորոցայինների մասին։
«Արխիվները պրպտելով, լուսանկարներն ու նամակները ուսումնասիրելով՝ հասկացա, որ օսմանյան կայսրությանը հաջորդած Թուրքիայի հանրապետությունում գործող, անցյալ դարի 20-50–ականներին Պոլսի հայ համայնքի գործիչների մասին քիչ բան գիտենք»,–ասում է Մելիսան և պատմում, որ 1913 թվականին, երբ Կոմիտասի բնակարանը կողոպտել էին, շատ բաներ կորան։ Սակայն պարզվում է, որ բանասեր, հասարակական գործիչ Թորոս Ազատեանի շնորհիվ փրկվել են երկու նոթատետր, որտեղ Վարդապետը գրառել էր հավաքագրված երգերը Էջմիածին կատարած վերջին ուղևորության ժամանակ։ Այս նոթատետրերը նա հանձնում է Գոհարիկ Ղազարոսյանին։
«Հիմա Մատենադարանի կատալոգում երկու ձեռագիր կա 14 և 16 թվականների, ի դեպ չգրանցված, որ ես կենթադրեմ, Ազատեանի փրկվածներից են»։
Ինչ վերաբերում է Գոհարիկ Ղազարոսյանի արխիվին, ապա նրա եղբոր դուստրը տաս տարի առաջ անտիպ գործերը հանձնել է եգիպտահայ երաժշտագետ Հայկ Ավագյանին, որն էլ խմբագրել ու հրատարակել է։
Մովսես Պողոսյանի խոսքով, իրենք ծրագրում են Գոհարիկ Ղազարոսյանի երաժշտությանը նվիրված ձայնասկավառակ թողարկել։
«Ծրագրերը շատ են։ Երեք ուղղությամբ ենք աշխատում։ Առաջինը պատվերներն են, որ տալիս ենք հայ կոմպոզիտորներին։ Երկրորդը՝ արխիվներից հայտնաբերում ենք երաժշտական այն գոհարները, որոնց մասին քչերը գիտեն։ Եվ երրորդը՝ կան հայ կոմպոզիտորների հիանալի գործեր, մասնավորապես կամերային, որոնք մոռացված են, չեն կատարվում, օրինակ՝ Աշոտ Զոհրաբյանի կվարտետները։ Նրա երեք կվարտետներից առաջին երկուսը, ի դեպ, աշխարհահռչակ «Քրոնոս» քառյակն է պատվիրել։ Ես երկար ցուցակ ունեմ գրած, թե ում գործերը պետք է ձայնագրենք։ Սա միսիա է»,– եզրափակում է խոսքը պարոն Պողոսյանը։ Իսկ Մելիսան զրույցի ավարտին ցանկանում է մի նորարարության մասին էլ խոսել։
«Ուդը, չնայած հայկական գործիք չէ, սակայն օսմանյան կայսրությունում հայտնի փաստ է, որ թե՛ վարպետները, թե՛ կատարողները հայեր ու հույներ են եղել։ Հիմա տարեվերջի համերգին ծրագիր կունենանք, որտեղ կկատարվեն օսմանյան կայսրության դասական երաժշտության հայ կոմպոզիտորների գործերը՝ ուդով և դուդուկով»։