Բացել լրահոսը Փակել լրահոսը
666
A A
Քաղաքականություն

Մենք պաշտպանել ենք մեր շահերը․ դեսպան Սոբհանին՝ Իսրայելի դեմ Իրանի գործողությունների մասին

Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին անդրադարձել է Մերձավոր Արևելքում տիրող լարված իրավիճակին՝ վստահեցնելով, որ Իրանը մշտապես զսպվածություն է ցուցաբերել և չի ձգտել լարվածությունը մեծացնելուն։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեսպանն այդ մասին խոսել է ապրիլի 16-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Սոբհանին կարծիք է հայտնել, որ միջազգային հանրությունը պատշաճ չի արձագանքել Իսրայելի կողմից Սիրիայում Իրանի հյուպատոսությանը հասված ավիահարվածին, որի հետևանքով իրանցի ռազմական խորհրդատուներ էին զոհվել։

Սոբհանին նշել է, որ Արևմտյան Ասիայում լարվածության և պատերազմի տարածումը կանխելու նպատակով Իրանը կոչ էր արել շտապ հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ, սակայն դրա արդյունքներով նույնիսկ այդ հարձակումը դատապարտող հայտարարություն չընդունվեց։

«Դամասկոսում մեր դիվանագիտական հաստատության վրա հարձակումը միջազգային կոնվենցիաների ու միջազգային իրավունքի նորմերի խախտում էր։ Այդ հարձակման արդյունքում իրանցի յոթ ռազմական խորհրդատուներ, ովքեր ունեին դիվանագիտական անձնագիր և հրավիրվել էին Սիրիայի կառավարության կողմից, նահատակվեցին»,- ասել է Իրանի դեսպանը։

Դեսպանն Արևմուտքին մեղադրեց երկակի ստանդարտներ կիրառելու մեջ։

Նրա խոսքով՝ Իրանը 10 օր սպասեց իսրայելական հարձակումը դատապարտելու դիվանագիտական ջանքերին, սակայն նրա պնդմամբ՝ տարօրինակ է, որ նույն արևմտյան երկրները, շարունակական կապի դուրս գալով իրանական կողմի հետ, այդպես էլ հավուր պատշաճի չարձագանքեցին միջազգային իրավակարգի ակնհայտ խախտմանը։

«Բնական է, որ միջազգայի համակարգի ներկա պայմաններում, երբ միջազգային կազմակերպություններն անտեսում են իրենց մյուս անդամների իրավունքները, իսկ հզորները աչք են փակում իրադարձությունների վրա, հույսդ պետք է դնես ինքդ քեզ վրա ու պաշտպանես սեփական շահերդ ու անվտանգությունը։ Այդ իսկ պատճառով Իրանն այլ ելք չուներ, քան պաշտպանել իր շահերը»,- նշել է Սոբհանին։

Նա հավելել է, որ Իրանի պատասխանն Իսրայելին եղել է սահմանափակ, իրենք չեն թիրախավորել խաղաղ բնակչությանը և քաղաքացիական օբյեկտներ։ Դեսպանի խոսքով՝ Իրանը թիրախավորել է այն կենտրոնները, որտեղից սկիզբ էին առել Դամասկոսում Իրանի հյուպատոսության դեմ հարձակումները։ «Մեր գրոհները դիպուկ էին և նպատակասլաց»,- հավելել է Սոբհանին։

Դեսպանի փոխանցմամբ՝ պատժիչ գործողություններն իրականացվել են ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածից բխող ինքնապաշտպանության օրինական դրույթի հիման վրա։

Ապրիլի-ի գիշերը Իրանն ԱԹՍ-ներով հարձակում էր սկսել Իսրայելի դեմ՝ ի պատասխան Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի հարձակման։ Տարբեր աղբյուրների համաձայն՝ Իսրայելը հարյուրավոր ԱԹՍ-ներ, ինչպես նաև բազմաթիվ հրթիռներ էր ուղարկել Իսրայելի ուղղությամբ, սակայն դրանց մեծ մասը խոցվել էին Սիրիայի տարածքում։