Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին՝ Բաքվին մեղադրելով միակողմանի գործողությունների մեջ
Աջակցիր «Ա1+»-ինՊաշտոնական Փարիզը հայտարարում է, որ հետ է կանչել Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանին՝ խորհրդակցությունների նպատակով։ Ֆրանսիայի ԱԳՆ-ի հաղորդագրության համաձայն՝ որոշման պատճառը «Ադրբեջանի միակողմանի գործողություններն են, որոնք վնաս են հասցրել երկու երկրների միջև հարաբերություններին»։
Ֆրանսիական կողմը մանրամասներ չի հայտնում։
Ֆրանսիայի դիվանագիտական գերատեսչությունը նշում է, որ այդ կապակցությամբ այսօր դեսպան Անն Բուայոնին ընդունել է նախագահ Էմանյուել Մակրոնը։
«Նա {Էմանյուել Մակրոնը} ափսոսանք է հայտնել Ադրբեջանի գործողությունների կապակցությամբ և ցանկություն հայտնել լսելու ադրբեջանական կողմի պարզաբանումը», - ասված է հաղորդագրությունում։
Ֆրանսիայի ԱԳՆ -ն հավելում է, որ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ միաժամանակ հարգելով միջազգային իրավունքը և երկու երկրների տարածքային ամբողջականությունը։