Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ

Տպագրվել է Արցախի Քաշաթաղի շրջանի հուշարձանների մասին պատմող գրքի անգլերեն տարբերակը

Հայաստանի պատմության թանգարանում տեղի է ունեցել «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը» գրքի անգլերեն տարբերակի շնորհանդեսը։ Շնորհանդեսի օրը պատահական չի ընտրվել՝ ապրիլի 18-ը հուշարձանների պաշտպանության միջազգային օրն է։ 

Գրքի հայկական տարբերակն ավելի ծավալուն է։ Անգլերեն տարբերակը տպագրվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրամաշնորհային ծրագրով։ Գրքում տեղ գտած լուսանկարներն ու կից նյութերը Քաշաթաղի «Մերան» թերթի գլխավոր խմբագիր Զոհրաբ Ըռքոյանինն են։

30 տարի շարունակ ապրելով Քաշաթաղում՝ նա Քաշաթաղի շրջանի պատմական հուշարձանները գտել, դրանք լուսանկարել ու չափագրել է։ Գրքի համահեղինակն է Մհեր Քումունցը, ով տևական ժամանակ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ էր աշխատում շրջանի Տիգրանավան գյուղում։ Նա հիմնականում խմբագրել և ավելացրել է տեղանունների ստուգաբանությունը՝ հակիրճ տարբերակով:

Գիրքը տպագրվել է 1000 օրինակով։ Ինչպես տեղեկացրեց ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչը՝ 500 օրինակ արդեն ՀՀ արտաքին գործերի նախարարության միջոցով հասցվել են արտասահմանյան հանրահայտ գրադարաններ՝ հայագիտական ֆոնդը համալրելու համար։

Գրքում ներկայացված են Արցախի Քաշաթաղի ներկայիս շրջանում պահպանված պատմական հուշարձանները, լուսանկարներ և հակիրճ ինֆորմացիա տվյալ հուշարձանի մասին:

Անահիտ Պետրոսյան