Մենք չենք հրաժարվում արևմտյան պետությունների հետ երկխոսությունից․ Պուտին
Աջակցիր «Ա1+»-ինՀինգերորդ անգամ ՌԴ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո ունեցած ելույթում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան չի հրաժարվում Արևմուտքի հետ երկխոսությունից։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:
«Մենք չենք հրաժարվում արևմտյան պետությունների հետ երկխոսությունից: Ընտրությունը նրանցն է. նրանք մտադի՞ր են արդյոք այսուհետ էլ փորձել կասեցնել Ռուսաստանի զարգացումը, շարունակել ագրեսիայի քաղաքականությունը, տարիներով չդադարող ճնշումը մեր երկրի վրա, թե՞ որոնել համագործակցության ու հաշտության ուղի»,- ասել է Պուտինը:
Իր երդմնակալության ելույթում ՌԴ նախագահը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է երկխոսության անվտանգության և ռազմավարական կայունության շուրջ, բայց միայն հավասար պայմաններով:
Պուտինը վստահեցրել է, որ Ռուսաստանը եվրասիական ինտեգրման իր գործընկերների և զարգացման ինքնիշխան այլ կենտրոնների հետ կշարունակի աշխատանքը բազմաբևեռ աշխարհակարգի, անվտանգության հավասար և անբաժանելի համակարգի ձևավորման շուրջ: