Բացել լրահոսը Փակել լրահոսը
438154305_321006994165532_8802662387460269009_n
A A
Հասարակություն

Վերնիսաժում առեւտուրը նվազել է՝ բողոքում են առեւտրականները

Վերնիսաժում առեւտուրը տարեցտարի նվազում է՝ պնդում են տեղի առեւտրականները։ Ասում են՝ գնորդների թիվը նվազել է, զբոսաշրջիկները քիչ են։ Ի տարբերություն նախորդ տարիների՝ հիմա հազվադեպ են ակտիվ վաճառք իրականացնում։
 
«Զբոսաշրջիկները հետաքրքրություն չունեն, անտարբեր են անցնում։ Օր կա, կարող է լինի առևտուր, օր էլ կա՝ ընդհանրապես չլինի։ Համենայն դեպս՝ անցյալ տարիների համեմատ այս տարի շատ ավելի վատ է առևտուրը»,- ասում է մեր զրուցակից առեւտրականը, որ Վերնիսաժում աշխատում է 10 տարուց ավելի՝ վաճառում է իր ձեռքի աշխատանքները։
 
Մեկ այլ առեւտրական էլ, խոսելով զբոսաշրջիկների ակտիվությունից, ասում է․
«Ռուսաստանից եկած զբոսաշրջիկներն շատ մեծ օգուտ են տալիս Վերնիսաժին, ամերիկահայերն ավելի քիչ են գնումներ անում»։
 
Ակնկալում են, որ ամռանը զբոսաշրջիկների թիվը կավելանա, ակտիվ առեւտուրը՝ եւս։
 
«Մինչև մայիս ամիսը տուրիստների հոսքն ամեն տարի պասիվ է եղել, բայց 2024 թվականին առևտուրը պասիվացել է ու նախկին ակտիվությանը դեռ չի վերադառնում»,- ասում են նրանք։
 
Նշենք, որ ըստ  ՀՀ զբոսաշրջության կոմիտեի հրապարակած տվյալների՝ Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա համեմատ մոտ 30 հազարով նվազել է։ Միայն ապրիլին մեր երկիր է այցելել 163 970 զբոսաշրջիկ, ինչը նախորդ տարվա ցուցանիշից պակաս է 15 669-ով։