Ավգուստին Հադելիխը և «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՊատմական ելույթ. Ավգուստին Հադելիխի համերգը՝ «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի հետ
Նրա երաժշտության մեջ զգացվում է շնչառություն: Նա լսելի է դարձնում սրտի և հոգու ձայնը: Մեր ժամանակների մեծագույն երաժիշտ, աշխարհահռչակ ջութակահար, Գրեմիի մրցանակակիր Ավգուստին Հադելիխը իր առանձնահատուկ տեխնիկայով, խորաթափանց և հուզիչ մեկնաբանությամբ Երևանում էր քաղաքապետի հատուկ հրավերով՝ ելույթ ունենալու «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի հետ: Հայաստանում մշտապես գործող առաջին պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը համերգին պատրաստվում էր ամիսներ շարունակ: Անդադար փորձեր, նոր արդյունքներ ու հաջողություններ և, ահա, «Արամ Խաչատրյան» լեփ-լեցուն համերգասրահը սպասում էր պատանի երաժիշտներին ու աշխարհահռչակ ջութակահարին: Մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ պատանիները Ավգուստին Հադելիխի հետ հանդիսատեսին ներկայացան Բեթհովենի «Ջութակի կոնցերտով»: Նրա ձեռքում 1744 թվականի Ջուզեպպե Գվարների դել Ջեզուի ջութակն է, որ իր նվագով կերտել է սիրո հարյուրամյա պատմություններ: Պատմական ելույթը նոր էջ է բացելու ոչ միայն նվագախմբի, այլև հայաստանյան կատարողական արվեստում: «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը կատարեց նաև Չայկովսկու հ. 4 սիմֆոնիան: Չդադարող ծափահարություններով հանդիսատեսը ճանապարհեց նրանց՝ մինչ նոր հանդիպում: