Բացել լրահոսը Փակել լրահոսը
271213080_1548301042211616_9196581680954502229_n
A A
Թեմա Հասարակություն

«Աղջիկներս չպիտի ինձ թույլ ու տկար տեսնեն»․ բենզինի պայթյունի հետևանքով որդուն և ամուսնուն կորցրած տիկին Մարիան փորձում է ուժեղ լինել

Մարիա Հայրիյանը սեպտեմբերի 25-ին Արցախում բենզինի պահեստի ողբերգական պայթյունի հետևանքով կորցրեց որդուն և ամուսնուն։ Կիսված ընտանիքով, կեսմարդ դարձած՝ փորձում է ապրել հանուն դուստրերի, հարսի, թոռնիկի․․․

«Ամուսնացել եմ Արցախյան առաջին ազատամարտում նահատակված ազատամարտիկի որդու հետ։ Ամուսնուս մայրը հետպատերազմական ծանր տարիներին միայնակ 4 երեխա է մեծացրել, իրենց նպատակներին հասցրել։ Ամուսինս՝ Մխիթարը, տան ավագ որդին էր։ Մայրիկին թև ու թիկունք է եղել, օգնել ցանկացած հարցում»,- Ա1+-ի հետ զրույցում ասում է Մարիա Հայրիյանը։

«Ամուսնուս հետ զորամասում ենք ծանոթացել։ Նա ամբողջ կյանքը ծառայության մեջ է անցկացրել։ Ամեն անգամ, երբ լսում էր՝ կռիվ է, առաջինների շարքում էր առաջնագիծ մեկնում»,- պատմում է զրուցակիցս։  
 
Մխիթար Հայրիյանը պարգևատրվել է  «Մարտական ծառայություն» և «Հայաստանի երկրապահ» մեդալներով։
 
Մարիա և Մխիթար զինվորական ամուսինների առաջնեկը Սուրենն էր, որ զոհված պապիկի անունն էր կրում։
 
 
-Սուրենս երբ ծնվեց, ընտանիքում մեծ ուրախություն էր։ Նա մեծանում էր մեծ սիրով և հոգատարությամբ շրջապատված։ Քանի որ Մխիթարը շատ փոքր տարիքում է զրկվել հայրական սիրուց ու ջերմությունից, զավակների համար անում էր ամեն ինչ, որպեսզի նրանք ոչ մի բանի կարիք չունենան,- ասում է տիկին Մարիան։
 
Սուրենն ավարտել էր Գրիգոր Նարեկացի համալսարանը, ստացել հաշվապահի մասնագիտություն։ Պարտադիր զինվորական ծառայությունն անցկացրել է Մատաղիսում։ 
 
Զինծառայող էր, երբ պայթեց 44-օրյա պատերազմը։ Անձնվեր ծառայության համար  պարգևատրվել է վեցերորդ պաշտպանական շրջանի «Անձնուրաց պաշտպան» մեդալով:
 
Զորացրվելուց հետո էլ չի թողել ծառայությունը. աշխատանքի է անցել Արցախի Ազգային անվտանգության ծառայությունում, ապա քաղաքի աշխարհազորի կազմում իրականացրել հարազատ շրջանի պաշտպանությունը:   
 
- Օգոստոսյան մի գեղեցիկ օր մենք հարսանիքի էինք պատրաստվում։ Որդիս ամուսնանում էր։ Մեր կյանքի ամենաերջանիկ օրն էր 2023-ի օգոստոսի 23-ը։ Չնայած երկարատև շրջափակմանը, կարողացել ենք որդուս կյանքի ամենակարևոր ուրախությունը նորմալ կազմակերեպել։
 
Սուրենի եւ նրա կնոջ՝ Լիանայի երջանիկ ընտանեկան կյանքն ընդամենը 27 օր տևեց։
 
«Վիշտս շատ խորն է, ցավս՝ անտանելի։ Հիմա միայն մտքերով եմ պատկերացնում՝ ինչպիսի հայր կլիներ տղաս, անթերի ամուսին ու ծնողների, մեծերի տեղն իմացող զավակ։ Թևերս կոտրել է տղաս։ Սուրենիս կարոտը նրա կնոջից՝ Լիաննայից ենք առնում։ Հաճախ անզորությունից սիրտս պայթում է»,- ասում է տիկին Մարիան։
 
 
Ասում է՝ կյանքի լավագույն տարիներն Արցախում են մնացել։
 
 
-Արցախում ապրում էինք՝ ունենալով մեր սիրած զբաղմունքն ու աշխատանքը։ Ավագ աղջկաս ամուսնացրել էինք, ապրում էր Ստեփանակերտում։ Ես աշխատում էի Ասկերանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում, կրտսեր աղջիկս դպրոցական էր։ Ունեինք մեր փոքրիկ ընտանեկան բիզնեսը՝ ծաղիկների վաճառքի սրահը։ Այնտեղ մեծ սիրով էինք ընտանիքով աշխատում, տարբեր առիթների համար տարոսիկներ պատրաստում,- ասում է Մարիա Հայրիյանը։
 
 
Սեպտեմբերյան դեպքերի օրերին հայր և որդի Հայրիյանները առաջնագծում էին։
 
-Մինչև նրանց ողջ և առողջ չտեսա, չէի հանգստանում։ Այնպիսի սարսափելի լուրեր էինք լսում, որ անկարելի էր հանգիստ մնալ։ Ի՞նչ իմանայի, որ պատերազմից անվնաս տուն կգան՝ դաժան ճակատագրի զոհ դառնան։
 
Արցախից հեռանալու, ընտանիքին փրկելու անհրաժեշտություն կար, այդ պատճառով սեպտեմբերի 25-ին Մխիթարն ու Սուրենը հասել էին Հայկազովի տեղամաս՝ բենզին հայթայթելու հույսով։ 
 
- Պայթյունից հետո վիրավոր որդուս տեղափոխել են հանրապետական հիվանդանոց, իսկ սեպտեմբերի 26-ին ուղղաթիռով հասցրել են Երևան։ Ամուսնուցս ոչ մի լուր չունեինք, ոչ մի տեղ նրան չէինք կարողանում գտնել։ Այդպես սեպտեմբերի 27-ին բռնել ենք գաղթի ճանապարհը։ Հայաստան հասել ենք երկու օր անց, իսկույն շտապել հիվանդանոց։ Սակայն Սուրենս այդպես էլ հիշողության չգալով՝ սեպտեմբերի 30-ին հավերժ փակեց աչքերը՝ հետը տանելով մեր կյանքի լավագույն տարիները։
 
Հոկտեմբերի 3-ին Սուրեն Հայրիյանը հուղարկավորվեց Եռաբլուր պանթեոնում։
 
 
-Չնայած ամուսնուս անցած մարտական ուղուն՝ նա Եռաբլուրում տեղ չունեցավ։ Մխիթարին հուղարկավորել ենք  ամիսներ անց՝ Սիլիկյան գերեզմանատանը։ Մենք էլ Արտաշատից տեղափոխվել և բնակարան ենք վարձակալել Քասախում, որպեսզի սրտիս ուզած պահին կարողանամ գնալ նրանց մոտ,- ասում է տիկին Մարիան։
 
 
Տիկին Մարիային սիրով ու հոգատարությամբ են շրջապատում դուստրերը, հարսը։ Իսկ ավագ դստեր որդին՝ Արթուրիկը, որ մարտի 7-ին է լույս աշխարհ եկել, ընտանիքին ապրելու նոր շունչ է պարգևել։
 
Մարիա Հայրիյանը «Ասկերանցիներ համայնքի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության անդամ է։ Հաստատվելով Հայաստանում՝ մասնակցել է կազմակերպված դասընթացների, կարուձեւ սովորել։ Կարի մեքենա է ձեռք բերել՝ անկողնային պարագաներ է կարում, վաճառում։
 
Ծանր մտքերից փրկվելու միակ միջոցը թոռն ու աշխատանքն են։
 
 
 
 
- Նպատակ ունեմ աստիճանաբար պատվիրատուներիս շրջանակն ընդլայնել։ Կարի մեքենան նվիրատվություն է։ Մի քանի պատվեր եմ արդեն կատարել։ Արցախում ծաղկի աշխատանքը մեծ բավականությամբ էի կատարում, գեղեցիկ համադրություններով նվերներ պատրաստում։ Այժմ գիտեմ՝ պարտավոր եմ, պիտի աշխատեմ, աղջիկներս չպիտի ինձ թույլ ու տկար տեսնեն,- զսպելով հուզմունքը՝ ասում է տիկին Մարիան։
 

Անահիտ Պետրոսյան   

«Այս մեդիա արտադրանքը պատրաստված է «Արցախից տեղահանված լրագրողների ադապտացիան հայաստանյան մեդիա միջավայրում» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է Երեւանի մամուլի ակումբը՝ Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ։ Ծրագրի գործընկերը International Alert-ն է: Բովանդակությունը պարտադիր չէ, որ համընկնի ԵՄԱ-ի, Եվրոպական հանձնաժողովի եւ International Alert-ի տեսակետների հետ»։