Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ

«Ոսկե ծիրան»-ի Վարպետ մրցանակը հանձնվել է Գրիգոր Պըլտյանին 

Երևանի «Ոսկե ծիրան» 21-րդ կինոփառատոնի շրջանակում փառատոնի պատվավոր հյուրերը, մասնակիցները և կազմակերպիչները հյուրընկալվեցին Արմավիրի մարզի Առատաշեն համայնքում գործող «Aratashen winery» գիներանում:  Օրը հատկապես նշանավորվեց նրանով, որ հենց Aratashen Winery գիներանում, կինոյում մեծ ավանդի համար Վարպետ մրցանակը հանձնվեց  Գրիգոր Պըլտյանին, ով, ցավոք, առողջական խնդիրների պատճառով չկարողացավ ներկա գտնվել արարողությանը։  

Պըլտյանը  լայնորեն ճանաչված է իբրև ժամանակակից արևմտահայ գրականության ամենակարևոր գրական գործիչներից և արևմտահայերենով գրող ամենանորարար ստեղծագործողներից մեկը։ Բեղուն տաղանդով վիպագիր, ակնարկագիր և գրաքննադատ Պըլտյանը  հեղինակել է ավելի քան 30 հատոր աշխատանք, որոնք լույս են տեսել Մերձավոր Արևելքում, Եվրոպայում, Հայաստանում և Միացյալ Նահանգներում։ Ծնված լինելով Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում՝` արդեն երկար տարիներ նա ապրում է Փարիզում և դասախոսություններ կարդում Եվրոպայում ու ԱՄՆ-ում։

«Այս տարածքն ամենագեղեցիկներից է, «Aratashen winery»-ում աշխատում են մեր լավագույն ընկերները, և մենք այստեղ ամեն տարի հանձնում ենք մի մրցանակ։ Մեր մրցանակակիրը առողջական պատճառներով չկարողացավ ներկա գտնվել արարողությանը, չնայած, որ պլանավորված էր հակառակը։ Վարպետ մրցանակը հանձնում ենք մեր մեծ ժյուրիի պատվավոր անդամներից մեկին, ում մեծ ստեղծագործական ճանապարհով և ներկայությամբ Ծիրանում շատ հպարտ ենք»,-նշեց «Ոսկե ծիրան»-ի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը։

Մրցանակը Կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանին փոխանցեց Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, ում վստահված էր այն հանձնելու պատիվը։ «Շնորհավորում եմ «Ոսկե ծիրան»-ի ընթացքը և շնորհակալ եմ ինձ այս պատվին արժանացնելու համար։ Դժվար է գտնել մի ոլորտ, որում ներդրում չունի Պըլտյանը։ Վերջերս պարզեցինք, որ նա հետաքրքիր մոտեցումներ է ունեցել կինոյի և կինոգիտության նկատմամբ, որի շնորհիվ էլ հանձնվում է այս մրցանակը։ Նա
Գրականության և արվեստի թանգարանին այսօր նվիրել է իր ատենախոսությունը, ինչը շատ կարևոր է, և ես մեծ հույս ունեմ, որ իր հավաքածուում գտնվող մի քանի ձեռագրեր կհանգրվանեն Մատենադարանում»,-նշեց Խզմալյանը։ Մրցանակն անպայման փոխանցվելու է վարպետին։

Անդրադառնալով «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հետ համագործակցությանը՝ Aratashen Winery ներկայացուցիչը նշեց․ «Ուրախ ենք մեզ մոտ՝ Aratashen Winery-ում ավանդաբար հյուրընկալելու միջազգային կինոփառատոնի մասնակիցներին և հյուրերին․ սա կարծես վերածվում է մի գեղեցիկ ավադույթի»։

Երեկոյի վերջում, ավանդույթի համաձայն, ելույթ ունեցավ Կարին ազգագրական համույթը, ինչը, միանշանակ, երեկոյի ամենահիշարժան պահերից էր, քանի որ համույթի հետ հայկական ավանդական քոչարիի էին բռնվել նաև հյուրերը։