Բացել լրահոսը Փակել լրահոսը
1 (20)
A A
Մշակույթ

Հայաստանում ելույթ կունենան լեգենդար ջութակահար Ռոբի Լակատոշը և իր երաժշտախումբը

Հուլիսի 19-ին, ժամը 19։00-ին, առաջին անգամ Հայաստանում ելույթ կունենան լեգենդար ջութակահար Ռոբի Լակատոշը և իր երաժշտախումբը։

Գնչուական ջութակի աշխարհահռչակ վիրտուոզ, ջազմեն և կոմպոզիտոր Ռոբի Լակատոշը ծնվել է Հունգարիայում 1968 թվականին։ Նրա ճակատագիրը նախասահմանված էր, ջութակահարներ էին Ռոբիի հայրը, պապը, նախապապը․․․ Նա հունգարացի ջութակահար Յանոշ Բիհարիի անմիջական հետնորդն է յոթերորդ սերնդում։ Բիհարին Բեթհովենի և Լիստի ընկերն էր, վերջիններս նրան «գնչուական ջութակի արքա» և «հունգարացի Օրփեոս» էին անվանում․․․ Այս բնութագրերը, բացառիկ տաղանդի հետ մեկտեղ, ժառանգել է նաև Ռոբի Լակատոշը։

Երաժիշտն առաջին անգամ հպվեց ջութակին երկու տարեկանում և սկսեց նվագել այն ամենն ինչ լսում էր: Հինգ տարեկանից, Թոնի և Շանդոր Լակատոշների ղեկավարությամբ սկսվեց Ռոբիի լուրջ երաժշտական ուսումնառությունը և արդեն ինը տարեկանում նա հանդես եկավ առաջին մեծ համերգով։

Ավարտելով Բուդապեշտի կոնսերվատորիան Ռոբին մեկնում է Բելգիա, որտեղ 1986 թվականին հիմնում է սեփական ջազ ակումբը։ «Գնչու վիրտուոզի» մասին խոսակցություններն ակնթարթորեն տարածվում են Եվրոպայում և շուտով, շատ հայտնի երաժիշտներ այս ակումբի մշտական այցելուն են դառնում։ Նրանց թվում՝ աշխարհահռչակ ջութակահար և դիրիժոր Յեհուդի Մենուհինը, ով հիանում էր Ռոբիի «աննկարագրելի կատարումներով»:

Այսօր Ռոբի Լակատոշը նվագում է աշխարհի ամենահեղինակավոր բեմերում՝ Ամերիկայում, Եվրոպայում, Ասիայում․․․ Նա համագործակցել է ժամանակի մեծագույն երաժիշտների հետ, ինչպիսիք են՝ Հերբի Հենկոկը, Քուինսի Ջոնսը, Ստեֆան Գրապելին․․․ Նրա անունը ֆենոմենալ տեխնիկայի և կատարողական խելահեղ էներգիայի չափանիշ է դարձել։

Լակատոշը աշխարհում եզակի ոճական բազմազանությամբ աչքի ընկնող երաժիշտներից մեկն է, նրա կատարումները ժանրերից և սահմանումներից դուրս են։ Միախառնելով դասականը՝ հունգարական և գնչուական հմայիչ մեղեդիներին ու ռիթմերին, Ռոբի Լակատոշը մշակութային ժառանգության խորը շերտեր է ի ցույց դնում, ունկնդրին տանելով երաժշտական վառ ու բազմազան գույների աշխարհ։ Նա տասնամյակներ շարունակ «վառում է երաժշտության կրակը» հազարավոր մարդկանց սրտերում։

Երևանյան համերգի ընթացքում, «Մեծ վարպետի» հետ մեկտեղ բեմում կլինեն նրա ընկերները՝ վիրտուոզ երաժիշտներ Լասլո Բոնին (ջութակ), Լասլո Ռացը (ցիմբալ), Գաբոր Լադանյին (կիթառ), Ռոբերտ Սժաքչին (դաշնամուր) և Վիլմոս Չիսկոսը (կոնտրաբաս)։