Մանկապարտեզներում կտեղադրվեն տեսախցիկներ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի համայնքային մանկապարտեզներում կտեղադրվեն տեսախցիկներ: Սա առաջին հերթին արվում է երեխաների պաշտպանության համար: Երևանի քաղաքապետարանը նախագիծն իրականացնում է մանկապարտեզների գործունեությունն առավել վերահսկելի դարձնելու նպատակով:
«Ցավոք սրտի, վերջին իրադարձություններն ապացուցում են, որ դրա անհրաժեշտությունը կա: Առաջին խմբաքանակով 50 մանկապարտեզում դրանք կտեղադրվեն՝ հետագայում նպատակ ունենալով բոլոր՝ 162 մանկապարտեզներում ունենալ: Գնման գործընթացը կմեկնարկի բացառիորեն առաջիկա օրերին» ,- նշում է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը:
50 նախակրթարանում շուրջ 2000 տեսախցիկ է տեղադրելու: Առաջնահերթորեն ընտրվել են արդեն իսկ վերանորոգվածները: Երեխաների առօրյան առցանց հասանելի կլինի միայն պատասխանատուներին: Ծնողները ամենօրյա ռեժիմով դրանք դիտելու հնարավորություն չեն ունենա:
«Տեսահսկումը տեղի կունենա, այսպես ասած՝ կենտրոնացված եղանակով: Դիտելու հնարավորություն ունենալու ենք մենք, նաև՝ մանկապարտեզի տնօրենը, քանի որ առաջնային վերահսկողական օղակը, բնականաբար, տվյալ կազմակերպության ղեկավարն է՝ ապահովելով, հասկանալի է, անձնական տվյալների գաղտնիությունը»,-ասում է Մարգարիտ Խաչատրյանը:
Տեսախցիկների ձայնագրությունները կունենան որոշակի ժամկետով պահպանելու հնարավորություն, վիճարկելի դեպքերում դիտելու և իրավիճակը պարզաբանելու նկատառումով: Ոլորտի պատասխանատուները վստահեցնում են՝ տեսահսկման համակարգը չի կարող խաթարել ուսումնական գործընթացը:
«Տեսախցիկները կամ վերահսկողական որևէ գործիք չի կարող խանգարել մանկավարժի գործունեությունը: Հույս ունենք, որ դա կծառայի նաև դրական փորձը մեր մանապարտեզներում ուսումնասիրելու գործին, բայց, իհարկե, նաև արագորեն արձագանքելու հնարավորություն է անցանկալի երևույթներին»,-ասում է Խաչատրյանը:
Տեսահսկման համակարգը կսկսի աշխատել արդեն նոր ուսումնական տարում. նախատեսվում է գործարկել հոկտեմբերին: