Օրացույց․ 24-ը oգոստոսի. Կասյա Աբգարյանը պատմում է, թե ինչպես է հանգստանում Ռոբերտ Քոչարյանը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին1997-ի այս օրերին Հայաստանը բոլոր հայերի ուխտագնացության կենտրոնն է ։ Նրանց հյուրընկալում է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Առաջինը։ Վեհափառն ինքնագրեր է բաժանում ուխտագնացներին։ Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյանը հատկապես տպավորված է ռումինահայ ուխտագնացներով։
Նախագահի լրատվական հարցերով խորհրդական Կասյա Աբգարյանը 1998-ի օգոստոսի 24-ին պատմում է, թե ինչպես է հանգստանում Ռոբերտ Քոչարյանը եւ ինչ ծրագրեր ունի ։ Դիցուք, Ֆրանսիայում հանգստանալիս հանդիպել է խոշոր գործարարների։ Սեպտեմբերին ՄԱԿ-ի եւ Քըրք Քըրքորյանի հրավերով ոչ պաշտոնական այց կկատարի Նյու Յորք եւ Լոս Անջելես։Միակ պաշտոնական հրավերքը Թուրքիայի նախագահ Սուլեյման Դեմիրելից է։
1998-ի այս օրը պատմության մեջ առաջին անգամ «Զվարթնոց» օդանավակայանից թռիչք է իրականացնում «Հայկական ավիաուղիներ» ընկերությանը պատկանող հայկական անձնակազմով Ա-310 Էյրբաս ինքնաթիռը։ Ինքնաթիռը Երեւանից-Ֆրանկֆուրտ մեկնեց 168 ուղեւորով։
2000 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի անկախության հռչակագրի բնօրինակը այն Գերագույն խորհրդի ամբիոնից ընթերցած Արամ Մանուկյանը պահում էր ահա այս չհրկիզվող պահարանում։ «Մասունք է»,-վստահեցնում է ՀՀՇ վարչության անդամը եւ խոստովանում, որ այն ընթերցելու պատիվ է ունեցել իր անուն ազգանվան պատճառով։
Նույն օրը անկախության հռչակագրի առիթով ընդունելություն էր ընդդիմադիր Հայոց Համազգային Շարժման գրասենյակում։ Միջոցառմանը ներկա է նաեւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը գեղեցիկից խոսելու տրամադրություն ուներ;
2000 թվականի այս օրը կուսակցությունը 10 տարի առաջ Հայրենիքում գրանցվելու առիթով Հանքավանում սկսեց առաջին համահայկական բանակումը ։ Բանակումի 400 երիտասարդներն ապագայի ավելի դաշնակցականներն են,-հույս է հայտնում Արմեն Ռուստամյանը:
Հայ Առաքելական եկեղեցին սգում է Բարենցի ծովում խորտակված ռուսական «Կուրսկ» ատոմային սուզանավի 118 անդամների մահը։ 2000 թվականի այս օրը Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվում է հոգեհանգստյան պատարագ, որին ներկա էին ռուս զինվորականներ եւ Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչներ։ Պատարագի մի մասը մերոնք մատուցեցին ռուսերեն։
Հայաստան ներկրվող կաթնամթերքն ու մսամթերքը անորակ եւ ժամկետանց են,-հավատացնում է անկախ լաբորատորիայի տնօրեն ակադեմիկոս Ռազմիկ Բեգլարյանը ։ Լաբորատորիան խոտանել է Հայաստան ներկրված 700 տոննա կաթի փոշին եւ խորհուրդ տվել այն տալ խոզերին։ Մինչդեռ, այն վաճառվել է խանութներում։ Ավստրալական եւ նորզելանդական կարագն էլ, ըստ լաբորատորիայի, ոչ մի կապ չունի կովի կաթի հետ ։
2001 թվականի այս օրերի դրությամբ Մեղրիի ամբողջ տարածաշրջանում ապրում է 5 հազար մարդ։ Այդ օրերին Մեղրին հայկական մամուլի թեմա էր դարձել Աշոտ Մանուչարյանի շնորհիվ, որը հայտարարել էր, թե հոկտեմբերի 27-ի հիմքում Մեղրին Լաչինով փոխարինելու գաղափարն էր ։
2002-ի այս օրը Անգլիական «Midland Resources»» ընկերությունը հաղթում է Հայաստանի էլեկտրական բաշխիչ ընկերությունների մասնավորեցման մրցույթում։ «Midlend Resources»-հայտնի է որպես «Մաքս ֆրուտ» ընկերության փայատեր: Իսկ «Մաքս ֆրուտ»-ի մյուս փայատերը` «Մաքս գրուպը» ներկայացնող Ազգային Ժողովի պատգամավոր Հարություն Փամբուկյանը, ներկայացել է որպես գործարքի միջնորդ:
«Առավոտ» օրաթերթի թղթակից Աննա Իսրայելյանը եւ «Ֆոտոլուր» գործակալության լուսանկարիչ Մխիթար Խաչատրյանը 2004-ի այս օրը Ծաղկաձորում ենթարկվում են բռնության, երբ փորձում են լուսանկարել Հայաստանի փոխոստիկանապետ Արմեն Երիցյանի առանձնատունը։ Բռնություն գործադրողները սակայն հանրապետական պատգամավոր Լեւոն Սարգսյանի թիկնազորի անդամներն էին։
Ազգային Ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը 2006-ի օգոստոսի 24-ին անհեթեթություն է համարում Հանրապետական կուսակցության վերջին համագումարից հետո հնչած կարծիքները, թե կուսակցություն է մտել նաեւ կրիմինալը: «Ո՞ւմ նկատի ունեն եւ ո՞ր արարքի հետ կապված: Վերացական, օդի մեջ հայտարարությունները որեւէ հիմք չունեն»,- զարմացած ասում է Ազգային Ժողովի նախագահը։
2007-ի այս օրը ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանն ասում է, որ Հայաստանում արմատական իշխանափոխությունը կարող է տեղի ունենալ միայն Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ համախմբվելու արդյունքում։ «Եթե նա ընտրվեց, առաջադրվեց` լինելու է բազմաթիվ կուսակցությունների, բազմաթիվ քաղաքական ուժերի առաջադրումով եւ նրանց աջակցությամբ: Նա լինելու է Հայաստանի Հանրապետության նախագահը»,-ասում է պարոն Մանուկյանը։