543 ուսուցիչ գնահատվել է տարրական մակարդակում վերապատրաստման կարիք ունեցող. նրանք սեպտեմբերից կվերապատրաստվեն
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանում գնահատվել են ավելի քան 6000 ուսուցիչներ, որոնք առաջիկայում պետք է վերապատրաստվեն:
Այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը կառավարության նիստում նոր նախագծի ներկայացման ընթացքում:
Նախագծով փոփոխություններ են առաջարկվում ուսուցիչների վերապատրաստման կարգում:
Նախարարը կարևորեց ուսուցիչների պարտադիր վերապատրաստման համակարգի բարեփոխումը, որով բոլոր ուսուցիչներին մեկ միասնական ծրագրով վերապատրաստման համակարգը փոխարինվել է ըստ գնահատված կարիքի վերապատրաստման համակարգով: «Նոր մոտեցմամբ յուրաքանչյուր ուսուցիչ նախևառաջ ինքն է գնահատում իր մասնագիտական զարգացման կարիքները, այնուհետև այդ գնահատումն իրականացնում է դպրոցը: Գնահատված կարիքի հիման վրա էլ ուղղորդվում է, թե որ ուղղությամբ և որ մակարդակի վերապատրաստման կարիք ունի տվյալ ուսուցիչը: Դա հնարավոր է դարձնում ուսուցչի վերապատրաստումը դարձնել ավելի թիրախային և արդյունավետ»,–ասաց նախարարը:
Այս տարի համակարգը կիրառվել է առաջին անգամ: Գնահատվել են ավելի քան 6000 ուսուցիչներ, որոնք առաջիկայում պետք է վերապատրաստվեն: «Գնահատված 6000-ից ավելի ուսուցիչներից 543-ն այս պահի դրությամբ գնահատվել են որպես տարրական մակարդակում վերապատրաստման կարիք ունեցող»,–նշեց Անդրեասյանը:
Ներկայացված նախագծով վերապատրաստման կարգում կատարվում են հավելյալ հստակեցումներ և ճշգրտումներ: Այս փոփոխությունների արդյունքում ավելի հստակ է դառնում ուսուցչի վերապատրաստման պարբերականության որոշման հարցը: Նախարարը նշեց, որ շրջափուլն ավելի կարճ է ավելի ցածր մակարդակի պարագայում: Ավելի փորձառու ուսուցիչների դեպքում շրջափուլը կարող է հասնել մինչև 5 տարվա:
Հստակեցվել են նաև կարիքի գնահատման պարագայում առարկայական գիտելիքի իմացության բարելավման կարիք ունեցող ուսուցիչների կողմից առարկայական վերապատրաստման, այնուհետև կամավոր ատեստավորման եղանակով առարկայական գիտելիքի ստուգմանը մասնակցելու դրույթները: Ըստ էության հերթական ատեստավորումը նույնանում է կամավոր ատեստավորման գործընթացի հետ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցրեց՝ այսպիսով նպատակ կա՞ նաև ուսուցիչներին նախապատրաստել կամավոր ատեստավորման գործընթացին:
Նախարարը մանրամասնեց, որ ուսուցիչները գնահատվում են տարբեր ուղղություններով: Յուրաքանչյուր ուղղությամբ ուսուցիչները կարող են ունենալ հմտությունների տարբեր մակարդակ: Ամենացածր մակարդակը տարրական մակարդակն է, որի պարագայում առարկայական գիտելիքի իմացության խնդիր է գնահատվում: «Բոլոր այն դեպքերում, երբ ուսուցիչն ունի առարկայական գիտելիքի իմացության խնդիր, պետությունը նրա համար կազմակերպում է առարկայական գիտելիքի զարգացման ուղղությամբ վերապատրաստում: Սա նշանակում է, որ մենք աջակցում ենք այդ բոլոր ուսուցիչներին: Նրանք կարող են սեպտեմբերից սկսած մասնակցել վերապատրաստմանը, այնուհետև՝ դրանից հետո կազմակերպվող կամավոր ատեստավորման գործընթացին»,–ասաց Անդրեասյանը:
Կառավարությունը հավանություն տվեց նախագծին: