ՌԴ-ն գիշերը ենթարկվել է ԱԹՍ-ների զանգվածային հարձակման
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանի զինվորականները գիշերվա ընթացքում երկրի տարբեր տարածաշրջաններում խոցել են ուկրաինական 144 անօդաչու թռչող սարք։ Այս մասին հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Մոսկվայի մարզի ղեկավար Անդրեյ Վորոբյովը հայտնել է, որ Ռամենսկոյե քաղաքում ԱԹՍ-ն հարվածել է բարձրահարկ շենքի, որի հետևանքով զոհվել է 46-ամյա կին, երեք մարդ վիրավորվել է։
Մոսկվայի մարզում ԱԹՍ-ների հարձակման պատճառով «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Ժուկովսկի» օդավակայաններում տեղական ժամանակով ժամը 1:30-ից սահմանափակվել է ինքնաթիռների մեկնումն ու ընդունումը, սակայն առավոտյան 8:00-ից սահմանափակումները հանվել են։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերն իրենց հերթին հայտնել են, որ գիշերը խոցել են երկրի վրա արձակված 46 ԱԹՍ-ներից 38-ը։ Ըստ ուկրաինական կողմի՝ ռուսական ուժերը հարված են հասցրել նաև «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռով և «Խ-31Պ» հակառադիոլոկացիոն հրթիռով։