Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Օրացույց․ 10-ը սեպտեմբերի․ Ի՞նչ ասաց ԵԽԽՎ նախագահը Ղարաբաղի մասին, որ պատգամավորները լքեցին ԱԺ դահլիճը (տեսանյութ)

Մոտ մեկ տարի ընդհատակում գտնվող Արշակ Սադոյանը եւ Ալբերտ Բաղդասարյանը մեղադրվում էին նախորդ տարվա նախագահի ընտրություններից հետո իշխանությունը բռնի տապալելու նպատակով թռուցիկներ տարածելու եւ հակաիշխանական տրամադրություններ ստեղծելու համար։ 1997-ի սեպտեմբերի 10-ին նրանք դուրս են գալիս ընդհատակից։ Ընդհատակից բեղերով դուրս եկած Սադոյանն ավելի վաղ էլ դուրս կգար ընդհատակից, եթե իշխանությունները երաշխիքներ տային, որ չեն ձերբակալի:

1996-ի սեպտեմբերի 26-ի դեպքերից հետո ընդհատակ մտած եւ միայն 1997-ի սեպտեմբերի 10-ին ընդհատակից դուրս եկած Արշակ Սադոյանը նույն օրն այցելում է դատախազություն եւ ցուցմունքներ է տալիս։ Նրանից ուզում են իմանալ՝ եղե՞լ են զինված մարդիկ ցուցարարների մեջ, ծրագրվա՞ծ էր Ազգային Ժողովի ղեկավարության գլուխը ջարդելը:

Սպիտակում 1998-ի այս օրերին գործում է կարի մի արտադրամաս, որտեղ աշխատում է 400 հոգի։ Սակայն գործարանն աշխատուժի կարիք ունի, եթե էլի մարդիկ գան, հաստատ աշխատանք կունենան անելու, քանի որ համագործակցում են Պաշտպանության նախարարության եւ ամերիկացիների հետ։

«Երբ ֆիզկուլտուրայի դասատուն դառնում է վարչապետ, երկիրը ֆիզկուլտուրայի ուսուցչի կարիք է ունենում»,-1999-ի սեպտեմբերի 10-ին իր մասին ասում է վարչապետ Վազգեն Սարգսյանը սելեկտորային խորհրդակցության ժամանակ։ Խորհրդակցության թեման գյուղատնտեսությունն է։ Վարչապետը սելեկտորի միջոցով մարզպետերին հաղորդում է՝ էժան վառելիք կստանա այն մարզը, որը կմարի նախորդ տարվա վառելիքի պարտքը, իսկ ոռոգման ջուր կտրվի այն համայնքներին, որոնք գոնե 50 տոկոսով մարել են նախորդ տարվա ջրի պարտքը։

Նույն օրը Ֆրանկֆուրտից Երեւան է ժամանում ԵԽԽՎ նախագահ լորդ Ռասել Ջոնսթոնը։ Նրան դիմավորում է Ազգային Ժողովի նախագահ կարեն Դեմիրճյանը։ Հենց օդանավակայանում լորդը հիասթափեցրեց հավաքվածներին պատասխանելով այն հարցին, թե շանսեր կա՞ն, որ Հայաստանն այս տարի դառնա Եվրոպայի խորհրդի անդամ:

Հյուսիսկովկասյան ռազմական օկրուգի հրամանատար Գենադի Տրոշեւը գոհ է Հայաստանում տեղակայված ռուսական զորամիավորումների վիճակից։ 2000 թվականի այս օրը նա ավարտում է Հայաստանում կատարած երկօրյա այցը, որը նրա խոսքերով ուներ զուտ պրոֆիլակտիկ բնույթ քանի որ Հայաստանին եւ Ռուսաստանին ոչինչ չի սպառնում:

Թեժ աշնան սպասումը 2000 թվականի սեպտեմբերի առաջին տասնօրյակի գլխավոր թեմաներից է։ Պատգամավոր Մանուկ Գասպարյանը աշունը թեժացնելու մասով առանձնապես սպասելիքներ չունի քաղաքական ուժերից:

2001-ի սեպտեմբերի 9-ի լույս 10-ի իրիկունը Հայաստանի հողի վրա ոտք դնելուց անմիջապես հետո Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ լորդ Ռասել Ջոնսթոնն ասում է, որ Ղարաբաղը օկուպացված տարածք է։ Լորդը նաեւ անթույլատրելի է համարում Ղարաբաղում սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները եւ նշում, որ սա նաեւ Եվրոպայի խորհրդի տեսակետն է:

2001-ի սեպտեմբերի 10-ին Հայաստանում գտնվող ԵԽԽՎ նախագահ լորդ Ռասել Ջոնսթոնի ներկայությամբ Հայաստանի Ազգային Ժողովն սկսում է աշնանային նստաշրջանի աշխատանքները ։ Լորդը պատգամավորների ներկայությամբ հիշեց, որ 1999-ին հանդիպել է Կարեն Դեմիրճյանի հետ եւ լսել նրա համաձայնությունը, որ Ղարաբաղը պետք է հեռանա գրավյալ տարածքներից։ Մի շարք խմբակցություններ այս խոսքերից հետո լքում են նիստերի դահլիճը:

Ստեփան Դեմիրճյանի ունեցած տեղեկությունները լորդ Ռասել Ջոնսթոնի ասածների ուղիղ հակառակի մասին են՝ Կարեն Դեմիրճյանը երբեք չի խոսել գրավյալ տարածքներն Ադրբեջանին զիջելու մասին:

Ազգային Ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանը 2001-ի այս օրը հայտարարում է, որ հայկական պատվիրակությունները հաճախ թույլ են տալիս ուրիշներին արհամարhել մեր արժանապատվությունը։ Տիգրան Թորոսյանին նյարդայնացրել է նույն օրը Հայաստանի Ազգային Ժողովում լորդ Ռասել Ջոնսթոնի արած հայտարարությունը Ղարաբաղը շրջապատող հողերը Ադրբեջանին վերադարձնելու մասին:

2008-ի սեպտեմբերի 10-ին 5 տարի անազատության մեջ գտվվելուց հետո դատարանի վճռով պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել Արմեն Սարգսյանը` Վազգեն եւ Արամ Սարգսյանների կրտսեր եղբայրը:

2009-ի այս օրը Հայաստանում է Ադրբեջանի ձյուդոյի հավաքականը։ Նրանք գոհ են ընդունելությունից: