Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ձեր պատասխանը ցրողական է. Լևոն-Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)

«Ես ցանկանում եմ մեր հասարակությանը հիշեցնել ուղիղ 6 տարի առաջ սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած մի իրադարձության մասին։ Խոսքը հայտնի խոսակցության մասին է, որն այդ օրը հայտնվել է համացանցում, որի ընթացքում ՀՀ վարչապետը, ԱԱԾ ղեկավարը, ՀՔԾ պետը քննարկում են, թե ինչպես են կալանքի տանում մարդկանց, ինչպես է դրա մասին տեղեկացվում դատավորներին՝ թե ինչ պետք է անեն, ում հանդեպ՝  ինչ պետք է կիրառվի՝ գրավ, թե կալանք։ Այսինքը մինչև դատարանի վերջնական կորոշումը, իրենք արդեն գիտեն, թե ինչ է լինելու։ Այսինքը՝ ցուցումներ է լինում և սրա մասին զեկուցվում է ՀՀ վարչապետին»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

Նա նշեց, որ այդ փաստը կարևոր է, քանի որ 2018 թվականի ապրիլի իշխանափոխությունից հետո, շատ խոստումներ տրվեցին։

«Սա երևի ամենացցուն ապացույցն էր, թե ինչքան կեղծ էին շատ խոստումներ՝ ժողովրդավարության բաստիոնը, դատավորներին զանգեր չեն լինելու և մնացածը»,-ասաց Քոչարյանը և նկատեց, որ այդ ժամանակ ժողովրդի ուշադրությունը հմուտ կերպով շեղվեց  խոսակցության բովանդակությունից դեպի այն հարցը, թե ով է արել այն։

Նրա խոսքով՝ դրան հետևեցին բազմաթիվ քաղաքական հետապնդումները, դատարանների վրա ճնշումները, դատավորների հետևից ընկնելը՝ հասնելով նրան, որ նրանք չլինեն դատարաններում, օրինակ՝ ՍԴ-ում։

«Հարցս հետևյալն է՝ նո՞ւյն ձևով է մինչև հիմա արվում, թե՞ ինչ-որ սխեմա է փոխվել, որովհետև, այն, որ արվում է՝ փաստ է և դրա ականատեսն ենք բոլորս»,-հարցրեց Լևոն Քոչարյանը։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ 2018 թվականի ակտիվ իրադարձությունների ակտիվ մասնակիցներից մեկը ընդդիմության շարքերում է և կարող է մամուլի ասուլիս հրավիրել և պատմել, թե ոնց է եղել, ինչ է եղել։ Նա նշեց, որ ԲԴԽ-ից և ԱԱԾ-ից պաշտոնյաներ կան ընդդիմության շարքերում։

Փաշինյանն ասաց, որ չի կարծում թե Հայաստանում կա անկախ դատական համակարգ, քանի որ նախկիններն էլ պահում են լծակները դատական համակարգի վրա, բայց ծայրահեղ անհրաժեշտություն է անկախ դատական համակարգ ունենալ։