Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ադրբեջանի ԱԳՆ
A A
Քաղաքականություն

Բաքուն կրկին պնդում է՝ հնարավոր չէ խաղաղության պայմանագիր կնքել, քանի դեռ բոլոր կետերը համաձայնեցված չեն

Հնարավոր չէ խաղաղության պայմանագիրը կնքել, քանի դեռ բոլոր կետերը համաձայնեցված չեն, այսօր ադրբեջանական Report-ին տված հացազրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն:

Հաջիզադեն մեղադրել է հայկական կողմին՝ խաղաղության պայմանագրի վերաբերյալ «հակասական հայտարարություններ» անելու համար։

«Ընդհանուր առմամբ, վերջին մի քանի շաբաթների ընթացքում Հայաստանի պաշտոնյաները սահմանափակվել են խաղաղության պայմանագրի վերաբերյալ հիմնականում հակասական հայտարարություններով։ Դրանք խեղաթյուրում են խաղաղ գործընթացի իրողությունները։ Հայկական կողմն առաջարկում է կնքել խաղաղության համաձայնագիր՝ հիմնվելով ներկայումս համաձայնեցված դրույթների վրա։ Սակայն, ադրբեջանական կողմը նման մոտեցումն անընդունելի է համարում և բազմիցս հայտարարել է այդ մասին», - ասել է Հաջիզադեն՝ շեշտելով․ - «Կա կանոն, որ փաստաթուղթը համաձայնեցված չի համարվում, քանի դեռ դրա բոլոր կետերը համաձայնեցված չեն»:

Ադրբեջանի արտգործնախարարության ներկայացուցչի խոսքով՝ նախագծի շուրջ բանակցություններն ընթանում են դռնփակ, իսկ մանրամասները լայն հանրությանը չեն հաղորդվում։

«Կարելի է միայն ասել, որ այս պահին դրույթների մոտավորապես 80 տոկոսը համաձայնեցված է։ Որպեսզի խաղաղ համաձայնագիրը կայուն և հաջողակ լինի, անհրաժեշտ է հստակեցնել մի շարք ոլորտներում մնացած խնդրահարույց հարցերը»,- ասել է Հաջիզադեն՝ հեթրական անգամ պնդելով, որ համաձայնագրի նախագիծը ստորագրելու համար Հայաստանը նախ պետք է համապատասխան փոփոխություններ կատարի իր Սահմանադրության մեջ, որը, նրա պնդմամբ, ներկայումս տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։

«Քանի դեռ Հայաստանն իր օրենսդրական ակտերից չի բացառել այդ պնդումները, երկու երկրների միջև խաղաղության մասին խոսք լինել չի կարող»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարարության ներկայացուցիչը։

Երևանն ու Բաքուն հայտարարել են, որ խաղաղության պայմանագրի մոտ 80 տոկոսի շուրջ ընդհանուր հայտարարի են եկել։

Երևանն առաջարկում է ստորագրել համաձայնեցված դրույթները, ունենալ հիմնարար փաստաթուղթ, որից հետո շարունակել քննարկումներ մնացած հարցերի վերաբերյալ։

Օրերս Երևանում կայացած «Երևանյան երկխոսություն» համաժողովի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց խաղաղության պայմանագրի այս պահին համաձայնեցված տեքստը ստորագրելու, չհամաձայնեցված հարցերը ապագային թողնելու պատրաստակամությունը։ Փաշինյանի այս առաջարկը Բաքուն մերժել է։

Ադրբեջանը պահանջում է Հայաստանից փոխել Սահմանադրությունը՝ զգուշացնելով՝ հակառակ պարագայում խաղաղության պայմանագիրը չի ստորագրի։ Բաքուն խնդրահարույց է համարում Հայաստանի մայր օրենքում հիշատակված Անկախության հռչակագիրը, որում հղում կա Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միավորմանը։ Երևանն էլ Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջը Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձ է որակում։

Ազատություն ռ/կ