Բացել լրահոսը Փակել լրահոսը
Mlsa_01
A A
Քաղաքականություն

Նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել «Libra Group» ընկերության նախագահ Ջորջ Լոգոթեթիսի հետ

Նյու Յորք կատարած աշխատանքային այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել «Libra Group» ընկերության նախագահ Ջորջ Լոգոթեթիսի և նրա տիկնոջ՝ Սելենի ինստիտուտի ղեկավար Նիցիա Լոգոթեթիսի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության շրջանակի ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր․ ընդգծվել է համատեղ աշխատանքների շարունակականության կարևորությունը՝ երիտասարդների մասնագիտական կարողությունների զարգացման, արտերկրում ուսանողների համար աշխատանքային պրակտիկայի հնարավորությունների ստեղծման, ինչպես նաև լավագույն փորձի փոխանակման ուղղություններով։   

          Նարեկ Մկրտչյանն ու Ջորջ Լոգոթեթիսը խոսել են նաև համատեղ իրականացվող ծրագրի մանրամասների մասին, որի շրջանակում հայ ուսանողներին հնարավորություն է տրվում աշխատանքային փորձառություն ձեռք բերել ԱՄՆ-ում և այլ երկրներում՝ այլընտրանքային էներգիայի, ներդրումների, ավիացիայի, սպասարկման և այլ բնագավառներում գործունեություն ծավալող «Libra Group»-ի ընկերություններում։ Նախարար Մկրտչյանը կարևորել է նաև համատեղ իրականացված աշխատանքների արդյունքում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաներին և ներկայացուցիչներին «Կոնկորդիայի գագաթնաժողովին» մասնակցելու հնարավորության ընձեռումը։ 

Կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները՝ համատեղ իրականացվող ծրագրերի արդյունավետ ընթացքի ապահովման, ինչպես նաև «Կոնկորդիա՝ Հայաստան»-ի իրականացման ուղղություններով։  

 

 

ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ