Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Բացահայտվել է 10կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք 8 անձ է ձերբակալվել (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական գործողությունների և ԱԱԾ համապատասխան ստորաբաժանման ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության և իրացման նպատակով ապօրինի շրջանառության հերթական դեպքը:

2024 թվականի  սեպտեմբերի 22-ին ՀՀ ԱԱԾ Արարատի  մարզային  վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելու արդյունքում տվյալներ են ստացվել այն մասին, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի  բնակիչն ԻԻՀ քաղաքացուց ձեռք է բերել  առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց, որը տեղադրել է Արարատի մարզում գտնվող  տարբեր թաքստոցներում։

Մասնավորապես, ԻԻՀ քաղաքացին բջջային հավելվածի միջոցով կապ է հաստատել տարիներ շարունակ այլ անձի պատկանող բեռնատար ավտոմեքենայով ԻԻՀ-ից Հայաստան շինարարական ապրանքների տեղափոխմամբ զբաղվող՝ Սիսիան քաղաքի վերոհիշյալ բնակչի հետ՝ վերջինիս առաջարկելով գումարի դիմաց թմրամիջոցների խմբաքանակ տեղափոխել Հայաստան։ Հիշյալ անձը, տեղյակ լինելով, որ տեղափոխման ենթակա փաթեթներում թմրամիջոցներ են, համաձայնել է առաջարկին։ Ապա ԻԻՀ հիշյալ քաղաքացին նրան հայտնել է Մեղրի քաղաքին հարակից տարածքում թմրամիջոցների գտնվելու վայրի մասին՝ միաժամանակ հրահանգելով, որ դրանք պետք է տեղադրվեն իր կողմից մատնանշված թաքստոցներում, որոնք պետք է լուսանկարվեն և ուղարկվեն իրեն:

Սիսիան քաղաքի բնակիչը մատնանշված տեղանքից վերցրել է ապօրինի  ձեռք  բերված  թմրամիջոցը, ավտոմեքենայով տեղափոխել ՀՀ Արարատի մարզ և տեղադրել  Մեղրի-Երևան միջպետական  ավտոճանապարհի՝ Արարատ համայնքի  Զանգակատուն բնակավայրից  մինչև Երասխ ընկած  հատվածի  տարբեր թաքստոցներում։ Տեղադրելուց հետո  դրանց գտնվելու  վայրերի կոորդինատները  և լուսանկարները  բջջային  տարբեր  հավելվածների միջոցով փոխանցել է ԻԻՀ քաղաքացուն, ով, իր հերթին,  դրանք փոխանցել է ՀՀ այլ քաղաքացիների, որոնք պետք է թաքստոցներից ձեռք բերեին թմրամիջոցները։

Նույն օրը Սիսիան քաղաքի հիշյալ բնակիչը հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ   հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով  և 396-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչների և ԱԱԾ աշխատակիցների համակարգված գործողությունների արդյունքում, իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառության կասկածանքով ձերբակալվել է նշված թմրամիջոցը թաքստոցներից ձեռք բերելու փորձ կատարող 7 անձ: 

Կատարվել են անձնական, բնակարանների, տրանսպորտային միջոցների, ինչպես նաև թվային խուզարկություններ։ Դրանց, ինչպես նաև քննչական խմբի կողմից իրականացված քննչական գործողության արդյունքում թաքստոցներում  հայտնաբերվել է ընդհանուր շուրջ 10կգ քաշով տարբեր տիպի թմրամիջոցների նմանվող զանգվածներով, տարբեր չափերի 9 փաթեթ։

Հայտնաբերված զանգվածը, փորձագիտական նախնական եզրակացության համաձայն, եղել է Մեթամֆետամին և Մարիխուանա տեսակի թմրամիջոց։ 

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա ձերբակալվածներից Սիսիան քաղաքի բնակչին, ով տվել է ինքնախոստովանական ցուցմունք, մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառությյունը), իսկ մյուս 7 անձանց՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-44-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառությանն օժանդակելու փորձը):

Վարույթն իրականացնող մարմնի կողմից դատարան են ներկայացվել բոլոր 8 անձանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու միջնորդություններ։ Դատարանի որոշմամբ՝ 5 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, 2 անձի նկատմամբ՝ տնային կալանքը, մեկի նկատմամբ՝ բացակայելու արգելքը։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթայում ներգրավված հնարավոր այլ անձանց հայտնաբերելու, թմրամիջոցի ձեռքբերման հստակ աղբյուրները և մաքսանենգության հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ՀՀ քննչական կոմիտե