Օրացույց․ 1-ը հոկտեմբերի․ Ելույթ ունեցողները իշխանություններին կոչ են անում կախվել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին1997-ի սեպտեմբերի 30-ին ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանը Պարույր Հայրիկյանին մեղադրում է նախագահ Տեր-Պետրոսյանի հետ գաղտնի հանդիպելու համար։ Հոկտեմբերի 1-ին Հայրիկյանը հակադարձում է՝ ես նրա հետ գաղտնի հանդիպելու կարիք չունեմ։ Խոլերայի ճիրաններից օրերս ազատված Զարթոնք գյուղը զրկվել է իր ապրուստի հիմնական միջոցից՝ բերքից։ 1997-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին կարանտինի մեջ գտնվող գյուղի հողը 20 օր չի ոռոգվել։ 2100 գյուղացու պարտքերը խորանում են, նրանք, ովքեր փրկել են բերքը, կանգնել են մեկ այլ խնդրի առաջ։
Հոկտեմբերի 1-ը ՄԱԿ-ի որոշմամբ տարեցների միջազգային օրն է։ Տարեց փախստականների «Սենյոր» ակումբն իր անդամների համար խնջույք է կազմակերպել։ Տարեցների աչքերում սպասումն ավելին է, մնացած օրերին նրանք այստեղ միայն թեյ են խմում։
1999-ի այս օրը Երեւանում որոշում են տարվա վերջին Մոսկվայում անցկացվող «Էլիտ մոդել» մրցույթի միակ մասնակցին։ Հայաստանը կներկայացնի 21-ամյա Մարինե Մարկոսյանը։ Մրցույթին մասնակցող 31 աղջիկներն էլ Երեւանից են, մարզերն իրենց գեղեցկուհիներին չեն առանձնացրել։ 17 համարի տակ հանդես եկող գեղեցկուհին, ի դեպ, այն հարցին, թե ամենից շատ ինչ է երազում տեսնել, պատասխանում է՝ Հիսուս Քրիստոսի գալուստը։ Քաղաքապետ Ալբերտ Բազեյանը դիմում է քաղաքի ուսուցիչներին, որոնց առջեւ քաղաքապետարանում ճոխ սեղան է բացվել Ուսուցչի օրվա առթիվ։
20 ուսուցչի պարոն Բազեյանը հանձնում է շնորհակալագիր եւ փող։ Մի քանի մարդու սպանության մեղադրանքով մահապատժի դատապարտված Արմեն Տեր- Սահակյանը Վերաքննիչ դատարանում այդ վճիռը բողոքարկում է չափազանց բարձր տրամադրությամբ։ Նա դատարան է մտնում «Ոտքի, դատարանն է գալիս» բղավելով։ Նրան զվարճացնում է նաեւ, որ Վերաքննիչում նույնիսկ մեղադրողը չի փոխվել։
2000 թվականի այս օրը Լեռնային Ղարաբաղի Գերագույն դատարանը Արկադի Ղուկասյանի դեմ մահափարձի գործով մի շարք վկաների պարտադրում է ցուցմունքներ տալ իրենց հարազատների դեմ։ Սամվել Բաբայանի փաստաբանը դատավորին տեղեկացնում է, որ Ղարաբաղն, ըստ Հայաստանի անկախության հռչակագրի, Հայաստանի մաս է, որի Սահմանադրությունն արգելում է նման բաները։ Դատավորը հակադարձում է՝ մենք առաջնորդվում ենք խորհրդային միության Սահմանադրությամբ։ ՀԴՄ-ների տեղադրման դեմ բողոքողներն այս օրը հավաքվում են Ազգային Ժողովի մոտ եւ փորձում հասկանալ՝ պատգամավորները կո՞ղմ են տեղադրմանը, թե՝ ոչ։ Ոչ ոք կողմ չէ։
Առաջին տիկին Բելլա Քոչարյանը 2001-ի հոկտեմբերի 1-ին տարեցների օրվա առթիվ նրանց հյուրն է Նորքի ծերանոցում։ Տիկին Քոչարյանը փորձում է հասկանալ՝ երջանի՞կ են նրանք՝ օրինակ 87-ամյա այս կինն ունի՞ փեսացու։ Հոկտեմբերի 27-ի դատական նիստը 2001-ի այս օրը տեւում է ընդամենը 10 րոպե։ Երկու օր առաջ սրտի կաթվածից մահացել է Նաիրի Հունանյանի պաշտպան 61-ամյա Արտավազդ Կարապետյանը։ Հունանյանին պետք է տրվի հանրային պաշտպան, քանի որ պաշտպան վարձելու փող նա չունի։ Հայ պատգամավորները ընդունում են Ղարաբաղի հարցի լուծման գործում Եվրախորհրդին ներգրավելու Ադրբեջանի մարտահրավերը ։ «Մենք դրանից չենք կարող խուսափել»,-ասում է Եվրոխորհրդում հայկական պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը։
2007-ի հոկտեմբերի 1-ին «Օրինաց երկիրը» հայտարարում է, որ հաջորդ տարվա նախագահի ընտրություններում հանդես կգա սեփական թեկնածուով։ «Իհարկե, խոսքը Արթուր Բաղդասարյանի մասին է»,-հայտարարում է Ազգային Ժողովի պատգամավոր Արտաշես Ավոյանը։ 2009-ի հոկտեմբերի 1-ին Ազգային Ժողովում Սերժ Սարգսյանի նախաձեռնած հայ-թուրքական արձանագրությունների մասին լսումների ժամանակ ելույթ ունեցողները իշխանություններին մեղադրում են դավաճանության եւ անզորության մեջ։ Իշխանություններին նույնիսկ կոչ են անում կախվել։
2012-ի հոկտեմբերի 1-ին փողերի լվացման մեջ մեղադրվող Վարդան Օսկանյանը Ազգային Ժողովում պաշտպանվում է իր անձեռնմխելիության հետեւից եկած գլխավոր դատախազից։