Իրանի հարձակումն Իսրայելի դեմ անարդյունավետ էր. Սպիտակ տուն
Աջակցիր «Ա1+»-ինՊետքարտուղար Էնթոնի Բլինքենն էլ Թեհրանի գործողությունները որակել են «ամբողջովին անընդունելի»
Իրանի հարձակումն Իսրայելի դեմ «անարդյունավետ» էր և հետ մղվեց Իսրայելի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից, որոնց աջակցում էր ԱՄՆ-ը, երեքշաբթի ասել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
Ջեյք Սալիվանը հարձակումն անվանել է «Իրանի կողմից զգալի էսկալացիա»՝ ընդգծելով, որ Վաշինգտոնը դեռևս «չունի տվյալներ Իսրայելում զոհերի վերաբերյալ» և ստուգում է տեղեկատվությունը Հորդանան գետի Արևմտյան ափում իրանական հարձակման հետևանքով քաղաքացիական անձի մահվան մասին։
Ամերիկյան դիվանագիտության ղեկավար Էնթոնի Բլինքենն «ամբողջովին անընդունելի» է որակել Իրանի հրթիռային հարձակումն Իսրայելի դեմ։
«Ամբողջ աշխարհը պետք է դատապարտի դա», - ավելացրեց Բլինքենը:
«Նախնական ապացույցները ցույց են տալիս, որ Իսրայելը, ԱՄՆ-ի և այլ գործընկերների ակտիվ աջակցությամբ, արդյունավետորեն հետ է մղել այս հարձակումը»,- ասել է Բլինքենը՝ հավելելով, որ Իրանը մոտ 200 բալիստիկ հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։
«Մենք ևս մեկ անգամ ցույց տվեցինք Իսրայելը պաշտպանելու մեր հավատարմությունը», - ավելացրել է նա մամուլի ասուլիսում:
Իրանը երեքշաբթի հարյուրավոր հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ՝ ի պատասխան իր դաշնակիցների՝ լիբանանյան «Հեզբոլլահի» և պաղեստինյան «Համաս» խմբավորումների առաջնորդների սպանությանը։ Այս հարձակումը երկրորդն էր վերջին կես տարում։
Իսրայելը սպառնացել է պատասխան քայլերով. «Այս հարձակումը անհետևանք չի մնա», - նախազգուշացրել է Իսրայելի բանակի խոսնակ, կոնտրադմիրալ Դանիել Հագարին:
Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն ասել է, որ գերատեսչությունը ներկայումս տեղեկություն չունի ամերիկյան օբյեկտներին հասցված վնասների մասին։
«Մենք չունենք տվյալներ Իսրայելում խաղաղ բնակիչների զոհերի մասին, էլ չենք խոսում ամերիկացիների շրջանում զոհերի մասին։ Հորդանան գետի արևմտյան ափին պաղեստինցիների մահվան մասին հաղորդումներ կան, սակայն ԱՄՆ-ի որևէ օբյեկտի վնասի մասին հաղորդումներ չկան»,- հավելել է Միլլերը:
Ամերիկայի Ձայն