Օրացույց․9-ը հոկտեմբերի․ Դաշնակցությունը վերջին ճիգերն է գործադրում` կանխելու հաջորդ օրն սպասվող հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին1996-ի հոկտեմբերի 9-ի հայաստանյան իր ուղեւորությունը Ֆրանսիայի արտգործնախարար Էրվե դե Շարեթն սկսում է Երեւանի փակ շուկա այցելելով։ Այնուհետեւ հանդիպում է նախագահ Լուոն Տեր-Պետրոսյանին եւ վարչապետ Հրանտ Բագրատյանին։ Հայ լրագրողներին նա վստահեցնում է, որ հայ-ֆրանսիական հարաբերություններին չի կարող խանգարել նույնիսկ իշխանափոխությունը։
1997-ի հոկտեմբերի 9-ին Հրազդան մարզադաշտում սպասվում է Հայաստան-Ուկրաինա ֆուտբոլային հանդիպումը։ Նախորդ օրն արդեն խոսակցություններ կային, որ մերոնք պատրաստվում են պարտվել, քանի որ արդեն ծախել են խաղը: Նույն օրը մեծ սկանդալի սպասելիքներով կայացած Հայաստան-Ույրաինա խաղում մերոնք պարտվում են 0։2 հաշվով։ Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոզեֆ Սաբոն լրագրողներին ասում է, որ մրցավարն իրեն դուր եկավ, իսկ խաղի մասին նշում է, որ իրենք չէին շտապում հաշվի մեջ միանգամից առաջ անցնել:
1998-ի այս օրը Ռոբերտ Քոչարյանի խորհրդական, դաշնակցական Վահան Հովհաննիսյան ասում է, որ այսօրվա խորհրդարանը չի կարող անվստահություն հայտնել իշխանությանը, քանի որ չգիտի էլ, թե ինչ է իմպիչմենտը։ Պարոն Հովհաննիսյանը դեմ չէ, որ Քոչարյանը ցրի այդ խորհրդարանը:
ՀՀՇ վարչության նախագահ Վանո Սիրադեղյանը գովազդում է ՀՀՇ գրասենյակում բացված սրճարան ակումբի պայմանները։ Նա սակայն զգուշացնում է՝ սա բարեգործական սրճարան չէ։ Այստեղ մարդիկ կարող են համտեսել «Վարչապետ» կոչվող մսի ասորտին, «Ձեռներեց» քամած մածունը, «Կարեն Սերոբիչ» խորտիկը։
Կարեն Դեմիրճյանի ծրագրի կազմանը մասնակից Վլադիմիր Նազարյանը 1999-ի հոկտեմբերի 8-ին ասում է, որ արմատական փոփոխման պատճառը ամերիկացի տնտեսագետների ուսումնասիրությունն է սեփականաշնորհման ռուսական շուկայում։ Այնտեղ ամեն ինչ բնորոշվում է մեկ բառով՝ կողոպուտ։ Նույնը, ըստ Նազարյանի, տեղի է ունեցել Հայաստանում։ Սեփականաշնորհման ամերիկյան տնտեսագետների ծրագրի մասին խոսել է նաեւ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը, որը շարժել է Նազարյանի ծիծաղը։
Կոռուպցիայի եւ հովանավորչության դեմ պայքարող պետական եկամուտների նախարար Գագիկ Պողոսյանը 2000-ի հոկտեմբերի 6-ին ընդունում է, որ մասնաբաժին ունի «Սաս» սուպերմարկետների ցանցում։Եվ զարմանում է լրագրողների ուշադրությունից՝ ձեզ թվում է, թե իմ հարազատներն իրավունք չունե՞ն աշխատելու պետական հիմնարկներում կամ չզբաղվե՞ն գործարարությամբ։ Ինքը սեպտեմբերին 3 միլիարդ դրամ պակաս հարկ է հավաքել եւ լրագրողներին ասում է՝ դուք ավելի լավ է ինձ օգնեք պայքարելու կլանների դեմ եւ ոչ թե խոսեք իմ հրաժարականից։ Օպերային թատրոնից հեռացված Տիգրան Լեւոնյանին դուր չի գալիս Գեղամ Գրիգորյանի ղեկավարությունը՝ համատարած գաղափարազրկություն է եւ բարոյազրկություն։
2000 թվականի այս օրը Լեւոնյանը նկատում է, որ ոչ մեկին այլեւս հետաքրքիր չեն հեղինակությունները։
2001-ի այս օրը հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի անդամ Ալեքսանդր Արզումանյանն ասում է, որ նիստերից ոչ մեկում չի քննարկվել եւ չի քննարկվելու Լեռնային Ղարաբաղի հարցը։Այդ հարաբերությունները վերաբերվում են միայն Հայաստանին եւ Թուրքիային եւ երկու պետությունների ժողովուրդներին, սփյուռքը եւ երրորդ երկրների խնդիրներն այս հանձնաժողովի հետ կապ չունեն։
Ազգային Ժողովում 2001-ի այս օրը քննարկում են 2000-ի ապրիլի 4-ից Հայաստանից բացակայող պատգամավոր Վանո Սիրադեղյանի հարցը։ Նա չի մասնակցել քվեարկությունների կեսից ավելիին եւ կարող է զրկվել պատգամավորական մանդատից անհարգելի բացակայության համար։ Ի դեպ, նույն օրը խորհրդարանը քվարկությամբ հարգելի համարեց Վանո Սիրադեղյանի բացակայությունները եւ նրան չզրկեց պատգամավորական մանդատից։
2009-ի հոկտեմբերի 9-ին Դաշնակցությունը վերջին ճիգերն է գործադրում կանխելու հաջորդ օրն սպասվող հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը։ «Ոչ մի զիջում»,-քաղաքի կենտրոնում կազմակերպված երթի ժամանակ բղավում են դաշնակցականները։