Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 19-ը հոկտեմբերի․ Արարատի ցեմենտի գործարանի տնօրեն Արամ Սարգսյանին Քոչարյանն առանձին է անդրադառնում (տեսանյութ)

Օպերային թատրոնը կարող է զրկվել արտիստների մեծ խմբից : 1997-ի հոկտեմբերի 19-ին թատրոնի ղեկավարությունը մտահոգված է, որ իր երիտասարդ արտիստները շուտով բալետի կոշիկները փոխարեն պետք է հագնեն զինվորական սապոգներով: Երեքը շուտով կգնան բանակ, եւս 7-ին սպասում է նույն ճակատագիրը։

Նույն օրը ՀՀՇ վարչության նախագահ Վանո Սիրադեղյանը մասնակցում է Կենտրոն համայնքի թաղապետի ՀՀՇ-ական թեկնածու Արարատ Զուրաբյանի ընտրարշավին: Սիրադեղյանը վստահեցնում է, որ իշխանությունները հաստատ չեն փորձի միջամտել թաղապետերի ընտրություններին, քանի որ նախորդ բոլոր համապետական ընտրություններին միջամտելը մեծ գլխացավանքների պատճառ է դարձել։ Հաջորդ տարի նույն օրն արդեն Կենտրոնի ընտրված թաղապետ Արարատ Զուրաբյանը ողջունում է, որ Ազատության հրապարակում զվարճանում են երեխաները:

Հենց թաղապետարանն էլ տիկնիկային թատրոնի հետ այստեղ արդեն երրորդ տարին հեքիաթի տոն են կազմակերպում։ Ռամկավարների ղեկավար Ռուբեն Միրզախանյանը 2000-ի հոկտեմբերի 19-ին քարը քարի վրա չի թողնում բնորոշելով Հայաստանի տնտեսությունը: ՀՌԱԿ ատենապետը տնտեսության ապագան տեսնում է ավելի գորշ:

Այս օրը դատախազությունը հրապարակում է մի հայտարարություն, որով Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության վրայից հանում է «մազութը լափելու» մասին հռչակավոր մեղադրանքը: Հատուկ այդ նպատակով մեկ տարի երեք ամիս առաջ ձեւավորված քննչական խումբը ոչ մի տվյալ չի գտել, որ 200 միլիոն դոլարի մազութ է անհայտացել Հայաստանի տարածքում:

Նույն օրը Գյումրիում Ռոբերտ Քոչարյանը զարմանում է, թե ինչու մեր ընդդիմությունը չի համախմբվում իր նախագահի շուրջ, սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո այս օրերին ամբողջ աշխարհում հենց այդպես էլ անում են: Նախկին վարչապետ, Արարատի ցեմենտի գործարանի տնօրեն Արամ Սարգսյանին Քոչարյանն առանձին է անդրադառնում:

Ռուսաստանը ցանկանում է ձեռք բերել «Մարս» գործարանի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը: Գործարանն ընդգրկված է ռուսական գազի պարտքի դիմաց Ռուսաստանին փոխանցվող ձեռնարկությունների ցանկում, այդ երկրի փոխվարչապետ Իլյա Կլեբանովն արդեն մուշտարու աչքով տեսել է գործարանը, որն աշխատում է ամբողջ ծավալով, վճարում է բոլոր հարկերը եւ պետությանը ոչ մի պարտք չունի:

2006-ի հոկտեմբերի 19-ին առաջին անգամ Երեւան այցելած ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Ջուլիա Ֆինլին իր հիասթափությունն է արտահայտել այն կապակցությամբ, որ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել է ընդունել իրեն: Հարցին, թե պաշտոնապես ինչպես է մերժվել իր խնդրանքը, դեսպանը պատասխանեց.  «Նրա ժամանակացույցը լրացած էր»:

2010 թվականի հոկտեմբերի 19-ին ընդդիմությունը Երեւանում խոշոր հանրահավաք է հրավիրում: Այդ օրերին ինչ-որ ֆորումի շրջանակներում Հայաստանում են միջազգային իրավական կազմակերպությունների ներկայացուցիչներ: ՀԱԿ առաջնորդ Տեր-Պետրոսյանը պարզաբանում է, թե ինչու է հրավիրել այս հանրահավաքը. «Այսօրվա միջոցառման նպատակն է ֆորումի մասնակիցներին ցույց տալ, որ հայ ժողովուրդը լի է վճռականությամբ մինչեւ վերջ պայքարելու իր ոտնահարված իրավունքների վերականգնման համար օգտագործելով դրա հասնելու բոլոր օրինական միջոցներն ու միջազգային կազմակերպությունների ընձեռած հնարավորությունները»: