ՊՊԾ պետն ու ոչ զինվորական տեղակալը զենք կրելու, պահելու եւ կիրառելու լիազորություն կստանան. խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքները
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 23-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքները:
Նախ պատգամավորները քվեարկել են նախորդ օրը քննարկած ««Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին» նախագիծը: Խորհրդարանականների քվեարկության արդյունքում կանոնակարգն ընդունվել է 67 կողմ ձայնով:
Այնուհետեւ Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվել գործադիրի հեղինակած «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» եւ կից օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը: Զեկուցողի խոսքով փոփոխությունը պայմանավորված է ինչպես ԱԱԾ-ից ՊՊԾ առանձնացման հետեւանքով մի շարք օրենքներում տեխնիկական բնույթի լրացումներ կատարելու, այնպես էլ որոշ իրավահարաբերությունների կարգավորման վերանայման անհրաժեշտությամբ:
Ներկայացնելով նախագիծը` Պետական պահպանության ծառայության պետի տեղակալ Գրիգորի Առաքելյանը հայտնել է, որ կարգավորումներով առաջարկվում է ծառայության պետին եւ ոչ զինվորական տեղակալին օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով, վերապահել ֆիզիկական ուժ գործադրելու, հատուկ միջոցներ եւ զենք կրելու, պահելու եւ կիրառելու լիազորություն:
«Առաջարկվում է նաեւ գլխավոր, ավագ եւ միջին խմբի պաշտոններում ծառայողների առաջխաղացումն իրականացնել «Ազգային անվտանգության ծառայության մարմիններում ծառայության մասին» օրենքով սահմանված ընթացակարգով, ինչպես նաեւ նվազեցնել բարձրագույն եւ գլխավոր խմբի պաշտոններում նշանակվելու համար համապատասխանաբար գլխավոր եւ ավագ խմբի պաշտոնում ծառայության անհրաժեշտ ժամկետները` դրանք երեք տարվա փոխարեն դարձնելով 1 տարի», - նշել է ուժային կառույցի ներկայացուցիչը` հավելելով, որ փոփոխությունների արդյունքում ծառայությունում կներդրվի նաեւ հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորում անցկացնելու նոր համակարգ:
Հարակից զեկուցող, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանը կշռադատված է որակել նախագիծն ու տեղեկացրել, որ գլխադասային հանձնաժողովը դրան տվել է դրական եզրակացություն: