Օրացույց․ 23-ը հոկտեմբերի․ Քոչարյան․ «ինչքան ընդդիմությունը միտինգ անի, այնքան ավելի լկտի է լինելու Ադրբեջանը» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին4-րդ օրն է, ինչ 1994-ի հոկտեմբերին Թուրքմենստանից Հայաստան գազ չի մտնում: Հայաստանում էլեկտրաէներգիան տրամադրում է օրվա մեջ 1 ժամ: Գազամուղի վթարը տեղի է ունեցել Ուզբեկստանի տարածքում: Հայաստանում է Թուրքմենստանի կառավարության պատվիրակությունը, որի հետ մեր կառավարությունը 3 ժամ քննարկում է, թե ինչ է լինելու հետո:
1996-ի հոկտեմբերի 23-ին Վազգեն Մանուկյանի գլխավորած ընդդիմությունը հանրահավաք է հրավիրում: Մանուկյանն ասում է, որ ժողովուրդն իր ձեռքը պետք է վերցնի իշխանությունը: Ընդամենը մեկ ամիս է անցել սեպտեմբերի 26-ի հանրահավաքից, երբ ընդդիմությունը ջարդեց Ազգային Ժողովի դարպասները եւ ներխուժեց ներս: Այս անգամ հույս ունեն, որ Սահմանադրական դատարանն իշխանությունը կտա իրենց:
1997-ի հոկտեմբերի 23-ին Հրազդանի 73-րդ ընտրատարածքում պատգամավորի ընտրություններ են: Թեկնածուներն են Երեւանի քաղաքապետ Վանո Սիրադեղյանը, Ռուբեն Եգորյանը եւ կոմունիստ Աշոտ Միքայելյանը: Տեղամասերում լուրջ խախտումներ չեն արձանագրվում, Ռուբեն Եգորյանն ու Աշոտ Միքայելյանն ասում են, որ խախտումները տեղի են ունեցել մինչեւ ընտրությունները, խիստ ներկայացուցչական է Վանո Սիրադեղյանի վստահված անձանց ցուցակը: Ի դեպ, ավելի քան 13 հազար 300 ընտրողից ընտրություններին մասնակցում է մոտ 8 հազարը: Վանո Սիրադեղյանը հաղթում է ավելի քան 4 հազար ձայնով: Երկրորդ տեղում կոմունիստ Աշոտ Միքայելյանն էր:
1998-ի հոկտեմբերի 23-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանը տուն ձեռքբերելու պայմանագիր է ստորագրում նոր-նոր կառուցվող Վահագնի թաղամասում: Այս թաղամասում դեռ հուլիսին քաղաքապետարանի հետ կնքած պայմանագրով պետք է կառուցվի հազար բնակելի տուն: Վահագն Հովնանյանը հենց այս ամայի տարածքն ընտրել է ոչ մեկին չխանգարելու համար, դիմացն է Արարատ լեռն է:
1999-ի հոկտեմբերի 23-ին դաշնակցական Կիմ Բալայանը մասնակցում է իր դեմ մահափորձի գործով Վանո Սիրադեղյանի եւ մյուսների դատավարությանը: Բալայանը պատասխանում է դատավորի հարցերին, թեպետ վստահ չէ, որ այս դատավարությունը վերջ կունենա: Որոշ պաշտոնյաներ ամեն ինչ անում են, որ չավարտվի։
2000 թվականի հոկտեմբերի 23-ին նախկին վարչապետ Արամ Սարգսյանն ընդունում է, որ հոկտեմբերի 27-ից առաջ իսկապես Ղարաբաղի հարցի բանակցությունների թեմա է եղել Մեղրիի հարցը: Այս փաստն առաջին անգամ մի քանի օր առաջ հրապարակել է Աշոտ Մանուչարյանը։
2001-ի այս օրը Ստեփան Դեմիրճյանը կտրուկ է հակադարձում իշխանությունների այն պնդումներին, թե ՀԺԿ-ն, Հանրապետությունը եւ Ազգային Միաբանությունը շահարկում են հոկտեմբերի 27-ը իշխանություն ձեռք բերելու համար: Նույն օրը Երեւանի Պետական համալսարանում Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն հայտարարում է, որ Վրաստանը երբեք չի մասնակցի տարածաշրջանային այնպիսի ծրագրերի, որոնք ոււղղված են Հայաստանի մեկուսացմանը։Համալսարանը նրան շնորհում է պատվավոր դոկտորի կոչում։
Նույն օրը նախագահ Ռոբերտ Քոչարյանը ընդդիմության վաղվա հանրահավաքը համարում է ջուր Ադրբեջանի ջրաղացին, որի նախագահը մի քանի օր առաջ կտրուկ եւ կոշտ է արտահայտվել Մինսկի խմբի մասին։ Ըստ Քոչարյանի, ինչքան ընդդիմությունը միտինգ անի, այնքան ավելի լկտի է լինելու Ադրբեջանը։
Հաջորդ օրը Արտաշես Գեղամյանը եզրակացնում է, որ Քոչարյանն ու Ալիեւը միասին պայմանավորվել են ընդդիմության ակտիվությունը չեզոքացնել թշնամի երկրի ուրվականով։
2006-ի հոկտեմբերի 23-ին Հայաստանի օրհներգի մրցույթում հաղթում է Արամ Խաչատրյանի երաժշտությունը, որը Խորհրդային Հայաստանի հիմնն էր։ Մրցութային հանձնաժողովը որոշել է դիմել կառավարությանը՝ Արամ Խաչատրյանի երաժշտության տեքստի համար առանձին մրցույթ հայտարարելու խնդրանքով: Նախկին հիմնը որպես օրհներգ ընդունելու հանձնաժողովի առաջարկը պետք է քննարկվի Ազգային ժողովում, որտեղ Դաշնակցությունն արդեն օրինագիծ է ներկայացրել գործող օրհներգը՝ «Մեր Հայրենիք»-ը, ուժի մեջ թողնելու վերաբերյալ:
2009-ի այս օրը դաշնակցական Արմեն Ռուստամյանը հայտարարում է, որ իրենք չեն պահանջում հայ-թուրքական երկխոսություն նախաձեռնած Սերժ Սարգսյանի հրաժարականը, իրենք ավելի լուրջ գործով են զբաղված՝ պատրաստվում են իշխանություն փոխել։