Հրաձգության Եվրոպայի ֆեդերացիայի նախագահի հետ քննարկվել են Երևանում կայանալիք առաջնության անցկացմանը վերաբերող հարցեր
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է հրաձգության Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Ռատներին՝ քննարկելու Երևանում 2026 թվականին կայանալիք Եվրոպայի մեծահասակների առաջնության անցկացմանը վերաբերող հարցեր։
Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը:
Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Ալեքսանդր Ռատներին այցի համար՝ նշելով, որ ՀՀ կառավարության համար հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնության անցկացումը մեծ պատասխանատվություն է: Նախարարի խոսքով՝ Հայաստանը միջազգային մրցաշարեր անցկացնելու հաջողված փորձ ունի, և 2025 թվականին ևս մեր երկրում նախատեսվում են միջազգային 4 խոշոր մրցաշարեր:
«Մենք շատ ուրախ ենք այս առաջնությունը Երևանում անցկացնելու հնարավորության համար և պատրաստակամ ենք այն բարձր մակարդակով կազմակերպելու գործում: Մեզ համար սա նաև համագործակցության, այս սպորտաձևը Հայաստանում զարգացնելու հնարավորություն է»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Նրա խոսքով՝ ՀՀ կառավարությունը հետևողական քայլեր է ձեռնարկում սպորտային ենթակառուցվածքների զարգացման, մարզիկների խրախուսման, առողջ ապրելակերպի խթանման ուղղություններով, և միջազգային համագործակցության շրջանակում կատարվող աշխատանքը ևս կնպաստի այս ուղղությամբ աշխատանքի բարելավմանը:
Հրաձգության Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Ռատները շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և Երևանում մրցաշարի անցկացման հանգամանքը կարևորել ոչ միայն պատշաճ կազմակերպման և լավագույնս ներկայանալու, այլև մարզաձևի նկատմամբ հետաքրքրության բարձրացման առումով:
Երևանում կայանալիք հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությանն ընդառաջ՝ Ալեքսանդր Ռատներն այցելել է նաև Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր՝ ծանոթանալու մրցաշարի անցկացման պայմաններին։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև մրցաշարի կազմակերպմանն առնչվող աշխատանքային մի շարք հարցեր:
ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ