Տնտեսական աճը և անվտանգության բարձր զգացումը պետք է հետ պտտեն արտագաղթի անիվը. ֆինանսների նախարար (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի տնտեսական ու անվտանգային դիմադրողականության բարձրացումը գերառաջնահերթություն է կառավարության համար:
Այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ԱԺ լիագումար նիստում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի ներկայացմանը:
Նա ներկայացրեց, թե ինչու է կառավարությունն առաջնային համարում երկրի դիմադրողականության բարձրացումը:
«Տնտեսությունը ոչ թե հետ է ընթանում, այլ, հենվելով առկա ներուժի վրա, տեղափոխվում է զարգացման նոր մակարդակ և ամուր հիմքեր ստեղծում մեր երկրի կայուն առաջընթացի համար: Սա պատմական հնարավորություն է, որը չի դիտվել համաշխարհային ֆինանսական ճգնաժամից ի վեր: Այս իմաստով մենք պարտավոր ենք պահպանել և ստեղծել բարենպաստ միջավայր այդ ներուժի հետագա բարելավման համար: Մյուս կողմից, ներկա զարգացումները ստիպում են դիվերսիֆիկացնել և ամրապնդել անվտանգային համակարգերը: Հետևապես, երկրի տնտեսական ու անվտանգային դիմադրողականության բարձրացումը գերառաջնահերթություն է»,-ասաց Հովհաննիսյանը:
Ըստ նրա՝ չնայած դժվարին մարտահրավերիներին և վերջին տարիների բարձր աճերից հետո տնտեսական ակտիվության տեմպերի բնականոն նորմալացմանը՝ ՀՀ տնտեսությունը դրսևորել է բավականին բարձր դիմադրողականություն:
2024 թվականին տնտեսական աճը կանխատեսվում է 5.8 տոկոս, իսկ 2025 թվականին՝ 5.6 տոկոս:
Նախարարը տնտեսության բարձր դիմադրողականության վկայությունը համարեց այն, որ ըստ գնահատականների՝ տնտեսության ներուժային աճը նախկին 4-4.5 տոկոս գնահատված միջակայքից աճել է՝ հասնելով 5-5.5 միջակայքի: Ի թիվս արտաքին գործոնների՝ այս առումով իրենց ազդեցությունն են ունեցել նաև ՀՀ կառավարության այնպիսի նպատակաուղղված քաղաքականությունները, ինչպիսիք են ենթակառուցվածքներում պետական ներդրումների շարունակական ավելացումը, տարբեր ապրանքային շուկաներում մրցակցության բարձրացումը, բիզնես միջավայրի բարելավումը և այլն:
«Տնտեսական աճը և անվտանգության բարձր զգացումը պետք է հետ պտտեն արտագաղթի անիվը: Մեր հայրենակիցներին պետք է հաղորդեն այն վստահությունը, որ հայրենիքն է աշխատանքի արդյունքը վայելելու և սեփական ստեղծագործական գաղափարները իրացնելու լավագույն վերջնակետը»,-ասաց Հովհաննիսյանը: