Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Հետաքրքրասեր հովազը հայտնաբերել է FPWC թակարդ-տեսախցիկը (տեսանյութ)

Վայրի բնության և մշակությաին արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում (CWR) տեղադրված թակարդ-տեսախցիկը ֆիքսել է հազվագյուտ Առաջավորասիական ընձառյուծին (Panthera pardus tulliana)։ FPWC թակարդ-տեսախցիկը հայտնվել է հետաքրքրասեր հովազի ուշադրության կենտրոնում, ինչն էլ մեզ հնարավորություն է տալիս տեսնելու բնության մի բացառիկ տեսարան։ Տեսախցիկի կադրերը վկայում են, որ ապաստարանն ապահով միջավայր է Հայաստանի և տարածաշրջանի այս անփոխարինելի տեսակի համար։

Ցավոք, ամբողջ աշխարհում Առաջավորասիական ընձառյուծի վիճակը շարունակում է մնալ անհանգստացնող: IUCN Կարմիր ցուցակի տվյալներով, աշխարհում այս տեսակի պոպուլյացիան կազմում է ընդամենը 450-626 առանձնյակ, որոնցից Հայաստանում հաշվվում է ընդամենը 3-9։

FPWC-ն արդեն տարիներ շարունակ իրականացնում է կենսաբազմազանության պահպանման լայնածավալ աշխատանք՝ ներգրավելով միջազգային և ազգային գործընկերներին: «Մեր նպատակն է շարունակել վայրի բնության պահպանության ծրագրերը՝ հնարավորություն տալով Հայաստանի հազվագյուտ կենդանիներին ապրել իրենց բնական միջավայրում և նվազագույնի հասցնել մարդկային միջամտությունը, որն այս դեպքում տեղի է ունենում միայն պահպանության նպատակով»,– նշում է FPWC հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։

FPWC-ն կոչ է անում հասարակությանը միանալ՝ աջակցելով Առաջավորասիական ընձառյուծի պահպանությանն ուղղված միջոցառումներին և շարունակելու այս հազվագյուտ ու արժեքավոր տեսակի պաշտպանության գործը: