Բացել լրահոսը Փակել լրահոսը
Screenshot 2024-11-22 192604
A A
Հասարակություն

Սարգիս Գալստյանը մեղավոր է ճանաչվել Ադրբեջանի օգտին լրտեսության համար, դատապարտվել 18 տարվա ազատազրկման

Դատարանը Սարգիս Գալստյանին մեղավոր է ճանաչել Ադրբեջանի օգտին լրտեսության համար և դատապարտել 18 տարվա ազատազրկման։ Գլխավոր դատախազությունից այլ մանրամասներ չհաղորդեցին, գրում է Ազատությունը։

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը «Ազատությանը» փոխանցեց՝ վճիռը բողոքարկելու են վերաքննիչ ատյան։

Դատարանն այսօր երեկոյան է հրապարակել վճիռը։

Գարնանը Արցախից Հայաստան տեղափոխված և անմիջապես կալանավորված Սարգիս Գալստյանը մեղադրանքը չի ընդունում, թեև ինքնախոստովանական ցուցմունք էր տվել, թե Ադրբեջանի օգտին լրտեսություն է արել, ապա հրաժարվել ցուցմունքից։

Փաստաբան Կոչուբաևն ավելի վաղ «Ազատությանն» ասել էր, թե պաշտպանյալը ինքնախոստովանական ցուցմունք տվել է իրավապահների սպառնալիքների ներքո։ Քննչական կոմիտեից, սակայն, հերքել էին սպառնալիքների ներքո ցուցմունք տալը։