«ՏաԹևեր»-ը երրորդ անգամ ճանաչվել է լավագույնն աշխարհում
Աջակցիր «Ա1+»-ին«ՏաԹևեր» ճոպանուղին երրորդ անգամ արժանացել է զբոսաշրջության ոլորտում ամենահեղինակավոր միջազգային մրցանակներից մեկին՝ World Travel Awards 2024-ին` այս տարի ևս հաղթելով «աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում: Հայկական ճոպանուղին լավագույնն է ճանաչվել աշխարհում՝ հաղթելով Բոլիվիային, Բրազիլիային, Վիետնամին, Կանադային, Նոր Զելանդիային, ԱՄՆ-ին և ՀԱՀ-ին: Նախագիծն արդեն երկու անգամ հաղթել է այս անվանակարգում 2021 և 2023 թ․-ին։ Բաց քվեարկության արդյունքներով «ՏաԹևեր»-ի հաղթանակը հայտարարվել է նոյեմբերի 24-ին Պորտուգալիայի Մադեյրա կղզում World Travel Awards 2024 պաշտոնական մրցանակաբաշխության ժամանակ։ World Travel Awards մրցանակաբաշխությունը հաճախ անվանում են «Զբոսաշրջային Օսկար»։ Այն հիմնադրվել է 1993 թ․ և այդ ժամանակից ի վեր ծառայել է որպես ճանապարհորդության և հյուրընկալության ոլորտում կարևոր նվաճումների չափանիշ:
«Արդեն երրորդ անգամ նման հեղինակավոր մրցանակի արժանանալը վկայում է այն մասին, որ Հայաստանում ունենք աշխարհի մասշտաբով եզակի զբոսաշրջային ենթակառուցվածք, որը մի կողմից նպաստում է մարզի ու նրա զբոսաշրջային ներուժի զագացմանը, մյուս կողմից երկրի հյուրերին ներկայացնում է այն հոգևոր ու մշակութային հսկայական ժառանգությունը, որն ունի հայ ժողովուրդը: Երկրորդ տարին է, որ հայրս հնարավորություն չունի անձամբ ստանալ այս մրցանակն ու շարունակել իր բարեգործական ու մարդասիրական ծրագրերը, քանի որ շինծու մեղադրանքով ապօրինի պահվում է Բաքվի բանտում: Հպարտ եմ, որ նրա ծրագրերն աշխարհով մեկ ճանաչելի են դարձնում Հայաստանը: Վստահ եմ, որ նա դեռ շատ նոր նախագծեր կիրականացնի»,-ասել է «Տաթևեր» ճոպանուղու ծրագիրն իրականացրած Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը: