Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բացասական եզրակացություններից հետո թեկուզ մեկ նշանակումը լուրջ խնդիր է․ Արթուր Սաքունց (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Բարեվարքության ուսումնասիրության գործընթացը եթե չասեմ՝ թափանցիկ չէ, շատ մեղմ կլինի։ Եզրակացությունները հրապարակային չեն, և հանրությունը տեղեկացված չէ, թե կոնկրետ գործառույթի շրջանակներում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը թեկնածուների վերաբերյալ ինչ եզրակացություն է ներկայացնում»- «Ա1+»-ի ուղիղ եթերում «Հանրային լրագրության ակումբի» կազմակերպած քննարկման ժամանակ ասաց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի Բարեվարքության ուսումնասիրությունների վարչության պետ Մարիաննա Բաղինյանը։
Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Դատական օրենսգրքում և հարակից մի շարք այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նածագծերի փաթեթ, որի համաձայն՝ պետք է հրապարակային դարձնել դատավորների, դատախազների և քննիչների թեկնածուների ընտրության, նշանակման և առաջխաղացման գործընթացներում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրամադրած բարեվարքության վերաբերյալ եզրակացության միայն եզրափակիչ մասը։
Քննարկմանը մասնակցում էր նաև Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, որը հավելեց, թե նման նախագծի ներկայացումը եղել է իրենց պահանջը։
«Նախ՝ պատկերացում կունենանք, թե ԿԿՀ-ի կողմից թեկնածուների կամ առաջխաղացման դեպքում գործող պաշտոնյաների բարեվարքության ստուգումը որքան օբյեկտիվ է եղել։ Երկրորդը՝ ԿԿՀ-ի այդ եզրակացությունը ինչքանով է հաշվի առնում պաշտոնին նշանակողը։ Ցավոք սրտի, այդ եզրակացությունները պարտադիր նշանակություն չունեն, ընդամենը խորհրդատվական նշանակություն ունեն»,- ասաց Արթուր Սաքունցը։
Մարիաննա Բաղինյանն էլ հիշեց, որ քիչ չեն եղել դեպքեր, երբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացրած բացասական եզրակացությունից հետո թեկնածուին նշանակել են նախատեսված պաշտոնին։ «ԿԿՀ-ն 2020թ․ 36 եզրակացություն է տրվել, որից բացասական է եղել երեքը։ Այդ երեքից մեկը նշանակվել է այն պաշտոնին, որի համար ներկայացվել է։ 2021թ․ 9-ը բացասական եզրակացություններից 2-ը նշանակվել են համապատասխան պաշտոնների։ 2023թ․ ուսումնասիրություններից բացասական եզրակացություն է տրվել 64 թեկնածուի, որից 10-ը նշանակվել են համապատասխան պաշտոններում։ 2023թ․ 63 բացասականներից չորսն են նշանակվել»,- թվարկեց նա։
«Թեկուզ մեկ բացասական նշանակումը լուրջ խնդիր է»,- նշեց Արթուր Սաքունցը։
Քննարկումն անցկացվել է «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի առաջնորդությամբ ձևավորված կոնսորցիումի կողմից, որի անդամներն են Հանրային լրագրության ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն։