Բացել լրահոսը Փակել լրահոսը
88
A A
Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը Ֆինլանդիայի ԱԳ նախարարությունում մասնակցել է կլոր-սեղան քննարկման

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ֆինլանդիայի ԱԳ նախարարությունում մասնակցել է կլոր-սեղան քննարկման, որին ներկա են գտնվել Ֆինլանդիայի ԱԳՆ պաշտոնյաներ, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ։
 
Արարատ Միրզոյանն իր ներածական խոսքում ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները և գործադրվող ջանքերը՝ միտված երկրի անկախության, ինքնիշխանության և դիմակայունության ամրապնդմանը։
Նախարարն անդրադարձ է կատարել նոր՝ հավակնոտ գործընկերությունների զարգացման միջոցով ընձեռնվող հնարավորություններին և միջազգային կառույցների հետ համագործակցության հեռանկարներին։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը, չնայած առկա մարտահրավերներին, շարունակում է ժողովրդավարական բարեփոխումները և այս ուղղությամբ համախոհ գործընկերների հետ ակտիվ փոխգործակցությունը։
 
Զրուցակիցներին հատկապես հետաքրքրել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման դինամիկան, նոր օրակարգի մշակման շուրջ քննարկումները, ինչպես նաև հասարակության շրջանում տրամադրություններն առկա հեռանկարների շուրջ։
Քննարկման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ։