Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ալժիրի դեսպանը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բումեդիեն Գեննադին: Շնորհավորելով դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ նախագահը նշել է.
«Լիահույս եմ, որ Ձեր պաշտոնավարման տարիներին մեր երկու երկրների միջև հարաբերությունները կհասնեն ավելի բարձր մակարդակի` հիմնված ընդհանուր շահերի վրա: Արաբական աշխարհի հետ բարեկամական հարաբերությունների սերտացումը եղել է մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում»:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար նորանշանակ դեսպանը նշել է, որ իր բոլոր ջանքերը կգործադրի տարբեր ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության մեկնարկին և ամրապնդմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են քաղաքական, տնտեսական մշակութային և այլ ոլորտներում ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Այս համատեքստում շեշտվել է Հայաստանի և Ալժիրի միջև քաղաքական երկխոսության, տարբեր մակարդակի փոխայցելությունների խթանումը, ինչը նպաստավոր հիմք կարող է դառնալ ինչպես տնտեսական, այնպես էլ մշակութային, կրթական, գործարար և այլ ոլորտներում փոխգործակցության հետագա զարգացման համար: Զրույցի ընթացքում կարևորվել է միջազգային հարթակներում և կազմակերպություններում երկու երկրների համագործակցության սերտացումը: