Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

GRECO-ն նոր զեկույց է հրապարակել Հայաստանի վերաբերյալ․ 6 հանձնարարական մասամբ է կատարվել

Քաղաքականություն Պաշտոնական
greco

Հայաստանը լրացուցիչ քայլեր է ձեռնարկել 2015 թվականին ներկայացված՝ խորհրդարանականների և դատական համակարգի կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված՝ դեռևս չկատարված հանձնարարականները իրականանություն դարձնելու ուղղությամբ: Այս մասին նշվում է  Եվրոպայի խորհրդի հակակոռուպցիոն խմբի՝  GRECO-ի՝ այսօր հրապարակած զեկույցում։ ԳՐԵԿՈ-ի կողմից չորրորդ փուլի գնահատումը վերաբերում է «Պատգամավորների,դատավորների եւ դատախազների շրջանում կոռուպցիայի կանխարգելմանը»։

GRECO-ն հայտարարում է, որ 18 հանձնարարականներից 12-ը այժմ կատարվել են բավարար կերպով, իսկ 6-ը՝ մասամբ: Զեկույցը փակում է Հայաստանի մոնիտորինգի չորրորդ փուլը:  Այս մասին  Ա1+-ին հայտնում են ԵԽ մամուլի ծառայությունը։

Ըստ զեկույցի՝ պատգամավորների առնչությմամբ թերեւս նկատվում է որոշ առաջընթաց։ «Իշխանությունները դրական օրինակներ են նշել խորհրդարանական աշխատանքին հանրային ներգրավվածության պրակտիկայի վերաբերյալ: Նույն կերպ, միջոցներ են ձեռնարկվել պատգամավորների միջեւ շահերի բախումը կանխելու (օրինակ՝ առեւտրային կազմակերպություններում պատգամավորների բաժնեմասը հավատարմագրային կառավարման հանձնելու կարգավորումներ) եւ այս ռիսկային ոլորտում ավելի մեծ վերահսկողություն ապահովելու համար»,-եզրակացրել է կառույցը։

 Վերանայվել են նաեւ նվերներին վերաբերող կանոնները։  Բայց դեռեւս պետք է ընդունվի վարքագծի կանոնագիրք, որը պետք է զուգակցվի վերահսկողության, խորհրդատվական եւ իրազեկվածության բարձրացման արդյունավետ միջոցառումներով: 

«Դատական իշխանության վերաբերյալ հարկ է նշել, որ Արդարադատության նախարարը դեռեւս դերակատարություն ունի դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգերում։ Այնուամենայնիվ, Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության գործողությունների ծրագրով նախատեսվում է դատավորների Ընդհանուր ժողովի Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովում ոչ դատավոր անդամների ձայների կշռի վերանայում»,- նշվում է զեկույցում։ 

Դատավորների հավաքագրման և առաջխաղացման որոշումների համար նախատեսվել են բողոքարկման մեխանիզմներ: Ազատման որոշումների համար Դատական օրենսգրքի փոփոխություններով ներդրվել  են Բարձրագույն դատական խորհրդի որոշումների դեմ բողոքարկման մեխանիզմներ, որոնք դեռևս գործարկված չեն:

Չնայած այս զեկույցը, որը 2015 թվականի հանձնարարականների վերաբերյալ հինգերորդ գնահատումն է, փակում է մոնիտորինգի այս փուլը,  ՀՀ իշխանությունները  ցանկության դեպքում կարող են   GRECO-ին տեղեկացնել չկատարված հանձնարարականների  հետագա առաջընթացի մասին։

Դրանք վերաբերում են խորհրդարանականների վարքագծի կանոնագրքի ընդունմանը, նրանց էթիկայի և կանոնագրքի պահպանման մոնիտորինգի մեխանիզմի ամրապնդմանը, դատավորների հավաքագրման, առաջխաղացման և ազատման ընթացակարգերի բարեփոխմանը, դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների համակարգի վերանայմանը․ դատավորների գործունեությանն անարգել միջամտությունը հայտնաբերելուն և դրա համար պատշաճ կերպով պատժելուն, ինչպես նաև դատավորների վրա ոչ պատշաճ ազդեցությունները կանխարգելելու հետևողական քաղաքականություն վարելուն:

 GRECO-ն կշարունակի դիտարկումներն արդեն  հինգերորդ փուլում։

Ամբողջական զեկույցն՝ այստեղ