Քաղաքային նոր այգի կհիմնվի (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանում տեղադրված 149 օդի որակի չափիչ սարքերից ստացվող տեղեկատվությունն առցանց հասանելի է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական՝ www.yerevan.am կայքում:
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ յուրաքանչյուր տարի ձմռան ամիսներին օդերևութաբանական անբարենպաստ պայմանների հետևանքով գրանցվում է օդի աղտոտվածության ցուցանիշների գերազանցում, ինչը պայմանավորված է տեղանքային պայմաններով, երբ սառը օդը կուտակվում է Արարատյան գոգավորության ցածրադիր մասերում, որն էլ այդ վայրերում հանգեցնում է մթնոլորտի աղտոտվածության մակարդակի մեծացման:
Զեկուցվել է նաև, որ ըստ չափումների Երևանում չունենք վտանգավոր գազերի, ազոտի, ծծմբի, ծանր մետաղների կամ կայուն օրգանական աղտոտիչների արտանետումների սահմանային ցուցանիշների գերազանցում, որոնք բնորոշ են խոշոր քաղաքներին: Անդրադառնալով խնդրին՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է երկամսյա ժամկետում մշակել քառամյա համապարփակ ծրագիր՝ բոլոր հնարավոր կետերով:
«Մեր նախընտրական ծրագրում խոստում էինք տվել, որ պետք է ամբողջ քաղաքում համապատասխան սարքեր տեղադրենք, որն արդեն իսկ տեղադրել ենք: Օդի աղտոտվածության այն հատվածը, որը մարդածին է, այդտեղ քաղաքապետարանն անելիք ունի: Պետք է մշակվի քառամյա ծրագիր, որը կներառի ընդհանուր կոնցեպտուալ առաջարկներ՝ օդի որակի բարելավման տեսակետից. ծառատունկ, անտառատունկ՝ թվային հստակ ցուցանիշներով, որոշակի սահմանափակումներ՝ Երևանում ժամկետանց ավտոմեքենաների շահագործման համար, որոնք մեծ աղտոտիչներ են, և մի շարք այլ ուղղություններ, որոնց առումով Երևանի քաղաքապետարանն ունի լիազորություն՝ գործուն քայլեր իրականացնելու համար»,- ընդգծել է քաղաքապետը:
Մյասնիկյան պողոտային և Լվովյան փողոցին հարող շուրջ 30 հա տարածքում կհիմնվի քաղաքային նոր այգի: Զավթված հողակտորների մի մասը վերադարձվել է համայնքին, մյուսների առումով աշխատանքները կշարունակվեն հաջորդ տարի: Այն կլինի հորթական՝ հինգերորդ քաղաքային անտառը և մակերեսով ամենամեծը: Հանգստի գոտին կունենա հեծանվուղի, մարզական հատված, արհեստական լիճ, ամֆիթատրոն, էկոսրճարան: «Հաջորդ տարի մենք ևս 30 հա տարածք զբաղեցնող անտառային գոտի կունենանք: Զավեշտալին այն է, որ մեր ընդդիմախոսները մեզ պարբերաբար մեղադրում են Երևանում կանաչ ֆոնդը վերացնելու մեջ, մինչդեռ վերջին երկու տարվա ընթացքում Երևանում տասնյակ հեկտարներով այգիներ և անտառներ են տնկվել և, եթե համեմատենք վերջին երկու տարին վերջին մի քանի տասնամյակի հետ, վստահորեն կարող ենք պնդել, որ վերջին երկու տարում շատ ավելի շատ ծառ է տնկվել Երևանում, ծառեր, որոնք երկու ամիս հետո չեն չորացել, որին զուգահեռ նաև ոռոգման համակարգեր են անցկացվել»,- ընդգծել է Տիգրան Ավինյանը:
Ամանորի և Սուրբծննդյան տոներին նվիրված միջոցառումների ծրագրով Երևանի քաղաքապետարանը թատերահամերգային կազմակերպություններից ձեռք է բերել մանկական համերգային և ներկայացումների ցուցադրության ծառայություններ. համայնքային կազմակերպությունների, քաղաքային տնտեսության տարբեր ոլորտների աշխատակիցներին ու սոցիալապես անապահով խոցելի ընտանիքների երեխաներին հատկացվել է շուրջ 20 000 տոմս:
Երևանի ավագանու որոշմամբ տնտեսվարողները պարտավոր են մաքրել իրենց գործունեության վայրին հարակից տարածքներում եղած ձյունը, իսկ տեղումների դադարից հետո ձյան ու սառույցի կուտակումներից ազատել մայթերի ասֆալտբետոնե ծածկը և սալիկապատ հատվածները, ինչպես նաև կազմակերպել սեզոնային կանաչապատումն ու տարածքի բարեկարգումը: Երևանի նոր ՏԻՄ օրենքով էականորեն կխստացվեն չիրականացված պարտավորությունների համար նախատեսվող միջոցառումները: «Այն ընկալումը, որ Երևանի քաղաքապետարանը քաղաքի բոլոր հատվածներում է պարտավոր իրականացնել բարեկարգում, ուղղակի չի համապատասխանում իրականությանը: Երևանի քաղաքապետարանն ունի իր լիազորությունների շրջանակը, տնտեսվարողներնը՝ իրենց, համատիրությունները՝ իրենց պարտականությունների շրջանակը»,-ընդգծել է քաղաքապետը:
Մեծանուն արվեստագետ, շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի արձանը կերտելու պայմանագիրը կնքված է, համապատասխան ֆինանսական միջոցները 2024թ. բյուջեով արդեն իսկ հատկացված են: Արձանը կերտելու և տեղադրելու գործընթացը կշարունակվի 2025 թվականին և մայիսի 22-ին, որպես մեծ արվեստագետի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների ավարտ, նախատեսվում է արձանի բացման արարողությունը: