Հնարավոր է 100 դրամով ունենալ որակյալ տրանսպորտ. Մարությանը՝ Ավինյանին
Աջակցիր «Ա1+»-ինԵս պնդում եմ, որ հնարավոր է 100 դրամ սակագնով ունենալ որակյալ, երևանցիներին արժանի, լավագույն քաղաքների տիպի տրանսպորտային համակարգ. այս մասին, այսօր Երևանի գործող քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ բանավեճի ժամանակ նշեց Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով տրանսպորտի սակագնի թանկացմանը:
«Իշխանությունները պնդում են, որ դա հնարավոր չէ անել, որովհետև իրենք ուղղակի չեն կարող ճիշտ կառավարել: Դա ցույց տվեց վերջերս իրենց արած «կարմիր գծերի» ռեֆորմը: Իրենք թանկացրեցին «կարմիր գծերը»՝ ասելով, որ դա կտա լավ արդյունք, այսինքն կենտրոնում մեքենաների հոսքը պետք է քչանար: Մենք բազմիցս ասացինք, որ այդպես չի լինելու, այդպես չի աշխատում, քաղաքցիները ևս դեմ էին դրան, մենք նաև հաշվարկները ցույց տվեցինք, բայց մեզ ոչ ոք չլսեց: Իրենք դա արեցին, և մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում քաղաքում. Գները պարզապես բարձրացան։ Եթե մարդիկ կայանման համար վճարում էին 100 դրամ, հիմա վճարում են 300 դրամ: Տարեկան 12 հազար դրամը դարձավ 160 հազար դրամ: Դրանից խցանումները չքչացան, խցանումները ավելացել են, մեքենաներն այսօր կանգնում են բակերում, կենտրոնի բնակիչները պարզապես ցայտնոտի մեջ են, կոլապս է բակերում, չեն կարողանում իրենց մեքենաները կանգնեցնել:
Այս և մյուս օրինակները ցույց են տալիս, որ իշխանությունը չգիտի՝ ինչ է անում: Տակը ոչ մի հաշվարկ չա: Իրենց նպատակը բնակիչներից գումար կորզելն է»,-ասաց Մարությանը՝ հավելելով, որ այսօրվա իշխանությունները մոռացել են, որ հանրային տրանսպորտը մարդկանց համար է:
Նա շեշտեց. «Այսօրվա իշխանությունները մոռացել են, թե ինչի համար է հանրային տրանսպորտը»։